Խոհարար-տեխնոլոգ Իրինա Մարտիրոսյանը երկար տարիներ իր մասնագիտությամբ տարբեր ռեստորաններում աշխատելու ընթացքում որոշել է հիմնական աշխատանքին զուգահեռ նաև սեփական բիզնեսով զբաղվել։ Հայկական ընտանիքներում սիրված ու ավանդական համարվող ճաշատեսակները՝ Իրինայի բաղադրատոմսով, կարելի է պատրաստել ընդամենը 7 րոպեում։
Իրինա Մարտիրոսյանը «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի շահառու է։ Համացանցում հայտարարությունը տեսնելուց հետո հայտ է լրացրել ու յուրահատուկ բիզնես ունենալու արդյունքում հայտնվել 42 կանանց շարքում, որոնք հաջողակ գործընկերներից բիզնեսը զարգացնելու համար 1 մլն դրամ դրամաշնորհ են ստացել։
«Հիմնադրամի տրամադրած գումարով ամբողջությամբ վերազինել ենք արտադրամասը և ավելացրել վաճառքի ծավալները։ Ձեռք եմ բերել սառցարաններ, սառնարան, գազօջախ, օդորակիչ, մսաղաց, կահավորել եմ արտադրամասը՝ ըստ մեր ներկայացրած բիզնես պլանի։ Նախատեսում եմ, որ առաջիկայում վաճառքների ծավալները ավելի կշատանան, կսկսեմ գործակցել նոր խանութների հետ։ Վաճառքի ավելացման պարագայում, կարծում եմ, նաև աշխատակիցներ կընդունենք, հիմնականում կընտրենք մեր գյուղի այն կանանց, որոնք կյանքի դժվարին իրավիճակներում են հայտնվել»,- ասել է ծրագրի շահառու Իրինա Մարտիրոսյանը։
Իրինան մեծ հույս ունի, որ շուտով կրկին կմասնակցի «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրին, բայց ոչ թե աջակցություն ստանալու ակնկալիքով, այլ աջակցելու պատրաստակամությամբ՝ որպես հաջողակ ու կայացած կին գործարար։