Կար ու ձևը գյումրեցի Աստղիկ Կուրղինյանի 20 տարվա մասնագիտությունն է։ Սկզբից աշխատել է տանը՝ ծանոթների համար, հետո տեղավորվել աշխատանքի կարի արհեստանոցում։ 20 տարի է պահանջվել, որ Աստղիկը հավաքի ուժերն ու կյանքի կոչի իր երազանքը՝ հիմնի սեփական բիզնեսը՝ կարի արհեստանոց։
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» կամ ավելի հակիրճ՝ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրի մասին Աստղիկը պատահական է իմացել՝ համացանցից, դիմել՝ առանց հաղթանակի ակնկալիքի։ Աստղիկ Կուրղինյանի բիզնեսը, սակայն, անցել է մրցույթի բոլոր փուլերն ու հայտնվել լավագույն 42 հայտերի ցանկում։
Դրամաշնորհ ստացած 1 մլն դրամն Աստղիկն ամբողջությամբ ծախսել է կարի նոր մեքենաներ ու այլ անհրաժեշտ պարագաներ ձեռք բերելու վրա։ «Տպավորությունը, թե այս գումարը քիչ է, շատ սխալ է, որովհետև սկսնակ ձեռներեցը շատ բաների կարող է հասնել 1 մլն դրամով։ Եթե ես չունենայի այդ գումարը, այս ամեն ինչին հասնելը տարիներ կարող էր տևել, փոխարենը ես հասա 2-3 ամսում»,- ընդգծել է Աստղիկ Կուրղինյանը։
Ծրագրի շահառուն վստահ է՝ Հայաստանի տնտեսական զարգացման գործում կանանց ներգրավվածությունն անփոխարինելի է։