
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը մի շարք ծրագրեր և նախաձեռնություններ է իրականացնում մշակույթի ոլորտում: Մշակույթի տարբեր ոլորտների պահպանումը, զարգացումն ու հիմնախնդիրների աստիճանական լուծումը հիմնադրամի ուշադրության կենտրոնում է ստեղծման օրից առ այսօր:
2024թ-ից, որպես ենթաճյուղ, «Իմ Քայլը» հիմնադրամը նախաձեռնել է երաժշտական դպրոցներին երաժշտական գործիքներ տրամադրելու նախագիծ:
Անհատ բարերաների հետ գործակցության արդյունքում Հիմնադրամը նվիրատվություն է ստացել հարվածային և փողային երաժշտական գործիքներ, սինթեզատորներ և բարձրախոսներ: Գործակցելով ԿԳՄՍՆ-ի հետ և կատարելով կարիքների գնահատում՝ Հիմնադրամը երաժշտական գործիքներ է տրամադրում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում գործող երաժշտական դպրոցներին և կազմակերպություններին, որոնց հովանու ներքո գործում են երաժշտախմբեր:
Նախագծի շրջանակում Երևան քաղաքում գործող 4 երաժշտական դպրոցներ (Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոց, Երևանի հատուկ ստեղծագործական կենտրոն, Պ․ Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտացված դպրոց, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն) ստացել են փողային և հարվածային գործիքներ, սինթեզատորներ և բարձրախոսներ:
Հիշեցնենք, որ 2024թ․-ի ապրիլից սկսվել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի և «Արևիկ» մանկապատանեկան անսամբլի գործակցությունը, որի շրջանակում հիմնադրամն արևիկցիներին նվիրաբերել է փողային ու հարվածային երաժշտական գործիքներ: Ավելի ուշ Հիմնադրամը վրաններ և մի շարք երաժշտական գործիքներ է նվիրել «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպությանը:
«Իմ Քայլը» հիմնադրամն առաջիկայում կշարունակի հանրապետության երաժշտական դպրոցներին ու խմբերին երաժշտական գործիքներ նվիրաբերելու գործընթացը: