Արդեն 5-րդ անգամ Սփյուռքի տասնյակ ստարտափներ հավաքվում են մեկ հարկի տակ, ծանոթանում Հայաստանում բիզնես վարելու առավելություններին, ստանում կրթական և խորհրդատվական աջակցություն, անցնում հատուկ դասընթացներ, ունենում ելույթներ. ավարտվել է «Ներուժ 5.0» ծրագրի ամփոփիչ փուլը: «Ներուժ»-ը բացառիկ հնարավորություն է տալիս կիսվել տեխնոլոգիական ոլորտում կուտակած հարուստ փորձով ու գիտելիքով, նոր ստարտափներ և աշխատանքի նոր մշակույթ բերել Հայաստան, մեր երկիրը դարձնել տեխնոլոգիապես ավելի ուժեղ, խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը, մասնագիտական հայրենադարձությունը։
«Ներուժ 5.0»-ին մասնակցելու հայտ էր ներկայացրել 64 ստարտափ՝ աշխարհի 20 երկրից, հաստատվել էր 28-ը։ Այդ ստարտափները սեպտեմբերի 24-ից 29-ը մասնակցեցին Դիլիջանում ծրագրի ամփոփիչ փուլին, որն իրականացվում էր երկու բաղադրիչով՝ «Գաղափարի փուլ» և «Աճի փուլ»: 6 օրերի ընթացքում մենթորություն է իրականացրել միջազգային հեղինակավոր աքսելերատոր «Plug and Play» կազմակերպությունը, իսկ հաղթողները որոշվել են մասնագիտական ժյուրիի գնահատման արդյունքում։
Այսպիսով, «Ներուժ 5.0» ծրագրի «Գաղափարի փուլ» բաղադրիչով 1-ին տեղն է զբաղեցրել և 15 մլն դրամ դրամաշնորհ է ստացել «Metacor» ստարտափը, որը զբաղվում է արյան անոթների, զարկերակների և այլ սնամեջ օրգանների համար նոր տեսակի ստենտի մշակմամբ: 2-րդ հորիզոնականը զբաղեցրել է «Sharper Soft»-ը և ստացել 10 մլն դրամ: Ընկերությունը տրամադրում է ծրագրակազմ՝ օգնելով կազմակերպություններին տվյալները վերածել գիտելիքների: 3-րդ հորիզոնականը զբաղեցրել և 5 մլն դրամ է ստացել «Ayki»-ն, որը թվային գործիք է ֆերմերային տնտեսությունների արտադրողականությունը բարձրացնելու համար:
«Աճի փուլ» բաղադրիչով 1-ին հորիզոնականն է զբաղեցրել «AnzoBio» ստարտափը, որն իրականացնում է անհատականացված բուժում և ախտորոշում հազվագյուտ գենետիկական հիվանդության համար: Այս ընկերությունը ստացել է 30 մլն դրամ դրամաշնորհ: 2-րդը «Moby»-ն է, որը տրամադրում է արհեստական բանականության վրա հիմնված հաճախորդների ակնթարթային սպասարկում՝ 24/7 ռեժիմով. պարգևը 20 մլն դրամ է: 3-րդ տեղը զբաղեցրած «Sleep Doctor»-ը ստացել է 10 մլն դրամ: Այն բժիշկների և հիվանդների համար նախատեսված ծրագիր է, որի նպատակն է ապահովել ամբողջական քնի խնամք ողջ կյանքի ընթացքում: Հաղթող ստարտափները պարտավոր են ընկերություններ հիմնել Հայաստանում և առնվազն 1 տարի գործունեություն ծավալել հայրենիքում։
Դեռևս 2021թ․-ին հուշագիր էր ստորագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև «Ներուժ» ծրագիրը համատեղ իրագործելու նպատակով: Այս տարի «Իմ Քայլը» հիմնադրամն աջակցել է «Ներուժ 5․0»-ին՝ նպաստելով Սփյուռքում ծրագրի իրազեկմանը և տեղեկատվության տարածմանը, ինչի արդյունքում այս տարի արձանագրվել է ծրագրին մասնակցության տպավորիչ ցուցանիշ․ նախորդ տարիների համեմատ մասնակցությունը գրեթե կրկնապատկվել է։
Հիշեցնենք, որ 2022թ․-ին «Ներուժ 3․0» ծրագրի դրամաշնորհային բյուջեն հատկացրել էր «Իմ Քայլը» հիմնադրամը: Ծրագրի հաղթողներ էին ճանաչվել Biocentric.ai, Reactive Science և ATMT (Doctor1) ստարտափները, որոնց ընդհանուր առմամբ հատկացվել էր 45 մլն դրամ: Երեք ստարտափներն էլ ՀՀ-ում հիմնել էին ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են առ այսօր: