«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի մասնագիտական կողմնորոշման 5-օրյա հագեցած օրակարգով ճամբարն ավարտվել է նաև Արարատի մարզի մասնակիցների համար։ Ճամբարի երկրորդ փուլին մասնակցում էր 29 շահառու։ Առաջին ճամբարը կազմակերպվել էր Վայոց ձորի և Կոտայքի 45 մասնակցի համար, որոնք այն բարեհաջող ավարտել էին սեպտեմբերի 11-ին։
Ճամբարն անհրաժեշտ է ծրագրի մասնակիցներին սեփական կարողություններն ու գաղափարները վերհանելու, մշակելու և դրանք իրականացնելու համար։ Ճամբարը սկսել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման քայլերով։ 5 օրերի ընթացքում մասնակիցները փորձել են բացահայտել մասնագիտական նախընտրությունները, անցել են անձի ինքնաբացահայտում և ինքնագնահատում, ծանոթացել են աշխատաշուկայում անձի մրցակցությանը, գործատուներին ներկայանալու հիմնական հմտություններին, հանդիպել են իրենց մարզի գործատուների հետ, կազմել են անհատական զարգացման նախնական պլաններ։ Սա ծրագրի ամենակարևոր բաղադիչներից է, քանի որ հենց անհատական զարգացման պլանի հիման վրա է մշակվում առաջիկա քայլերի հաջորդականությունը։ Ճամբարի վերջին օրը մասնակիցները դասընթացավարների հետ միասին ամփոփել են մասնագիտական կողմնորոշման և կարիերայի պլանավորման բաղադրիչը։
«Վերջին օրն ամենակարևորն է ճամբարում, քանի որ ըստ կարիերայի պլանավորման՝ առաջիկայում կազմվելու են յուրաքանչյուր շահառուի անհատական զարգացման վերջնական պլանները՝ մասնագետների աջակցությամբ, և ըստ դրա կմշակվի անհատական գործողությունների պլանը։ Այս ամենից հետո սկսվում է ամենաակտիվ փուլը՝ անհատական ու մասնագիտական դասընթացները, որի ընթացքում շահառուները կանցնեն մասնագիտական կարողությունների զարգացման և բիզնես կառավարման դասընթացներ»,- պատմել է «Իմ Քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը։
Ճամբարի ընթացքում արվում է ամենը, որ բոլոր մասնակիցները կարողանան գտնել այն ճիշտ ճանապարհը, որը նրանց կտանի դեպի նոր մասնագիտություն, բիզնես, աշխատաշուկա։ «Իմ Քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները և դասընթացավարները ճամբարի ընթացքը հաջող են բնութագրում։ Նույն կարծիքին են նաև մասնակիցները․ դա էլ պարզ է դարձել ճամբարի ընթացքի վերաբերյալ անցկացված մոնիթորինգի արդյունքում։ Ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանի խոսքով՝ շահառուները բաց չեն թողել ոչ մի դասընթաց, ակտիվ են եղել քննարկումների ու թիմային աշխատանքների ընթացքում։
«Մեր հաջորդ քայլը լինելու է յուրաքանչյուր մասնակցի հետ անհատական հանդիպումը՝ իրենց մարզերում, որի ընթացքում նրանք դասընթացավարների հետ կկազմեն իրենց անհատական զարգացման պլանը։ Այդ ամենի հիման վրա կանցկացվեն վերապատրաստման դասընթացներ, որոշ մասնակիցների համար կկազմակերպվի փորձի փոխանակում։ Անհատական պլանների հիմքում են նաև բիզնեսի կառավարման դասընթացները։ Այս ամենից հետո այն մասնակիցները, որոնք կընտրեն բիզնեսի ճանապարհը, կկազմեն արդեն բիզնես պլաններ», – քայլերի հաջորդականությունն է ներկայացրել Անահիտ Խալաթյանը։
Բիզնես պլանների ներկայացումից հետո «Իմ Քայլը» հիմնադրամը կուսումնասիրի ներկայացված բոլոր փաթեթները և, եթե դրանք համապատասխանեն չափանիշներին և հաստատվեն, հիմնադրամը կսկսի բիզնես պլանների ֆինանսավորման գործընթացը։