Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից Աշոտ Թադևոսյանի առաջին մասնագիտությունը վոկալն է։ Ավարտել է Արմավիրի արվեստի պետական ուսումնարանը։ Ուսման ընթացքում Աշոտը հասցրել է բանակ գնալ, մասնակցել 44-օրյա պատերազմին, վիրավորում ստանալ, մի քանի վիրահատություն տանել, նորից քայլել սովորել։ Այս ամենը, սակայն, չի խանգարել ավարտել ուսումնարանը և մասնագետ դառնալ։
Աշոտ Թադևոսյանն այսքանով չի բավարարվել. նոր մասնագիտություն ստանալու ճանապարհը նրա համար հարթել է «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը։ Կողմնորոշման ճամբարի ընթացքում որոշել է՝ պետք է օգտագործել գյուղի ազատ հողատարածքը։ Աշոտը ջերմատուն հիմնելու և ծնեբեկ աճեցնելու բիզնես պլան է ներկայացրել։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հաստատել է Աշոտի բիզնես պլանը, ֆինանսավորել ջերմատան կառուցումը և ծնեբեկի սերմացու տրամադրել։
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը հիմքն է դնում ու տրամադրում անհրաժեշտ ամենը, բայց հաջողելը բացառապես կախված է շահառուից՝ անկեղծանում է Աշոտը, քանի որ ծրագիրը մասնակցին ռեսուրսից բացի նաև գիտելիք է տալիս՝ նոր մասնագիտությունում հաջողելու համար։ Աշոտ Թադևոսյանն իր համար կարգախոս է մշակել․ ստացած ցանկացած հնարավորությունն առավելապես ծառայեցնել երկրին ու ժողովրդին։