Կոտայք, Արարատ և Վայոց ձոր. «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի երրորդ փուլի շահառուները հենց այս մարզերից են: Պայմանավորված ծրագրին մասնակցող շահառուների մեծ թվով՝ այս տարի կողմնորոշման ճամբարն անցկացվում է երկու փուլով։ Սեպտեմբերի 6-ից 11-ը Կոտայքում և Վայոց ձորում բնակվող ծրագրի մասնակիցները Ջերմուկում էին՝ սեփական գաղափարները հղկելու, նորը սովորելու և բիզնես ուղի բռնելու համար։
«Ծրագրի այս խմբում մոտ 50 տղա է ներգրավված։ Մենք իրականացնում ենք դասընթացներ տղաների հետ, որի ընթացքում փորձում ենք օգնել նրանց, որպեսզի ինքնաճանաչման փուլ անցնեն, ինքնաբացահայտվեն, ինքնագնահատվեն», – նշում է «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վանանդ Կարապետյանը և հավելում, որ 6 օրյա դասընթացների շրջանակում հաճախ են պատահում դեպքեր, երբ տղաները փոխում են նախնական տրամադրվածությունն ու այլ բիզնես ծրագրեր ներկայացնում։
Այն, որ դասընթացները արդյունավետ են, նշում են նաև ծրագրի մասնակիցները և գոհունակությամբ փաստում, որ ծրագրի ավարտից հետո Հիմնադրամի կողմից ֆինանսավորվելու են և կարողանալու են մասնագիտական վերապատրաստում անցնել կամ այս պահին դեռ միայն թղթին հանձնած բիզնես գաղափարները իրականություն դարձնել։
Ծրագրի մասնակիցների հետ այս փուլում նաև հոգեբանների խումբ է աշխատում։ Արվում է ամեն բան, որ ծրագրի մասնակիցները հաստատուն քայլերով աշխատաշուկա մուտք գործեն։
Այս տարի ճամբարն անցկացվում է երկու փուլով, քանի որ նախորդ տարիների համեմատ այս անգամ կրկնապատկվել է մասնակիցների թիվը․ երեք մարզերից միասին ծրագրին մասնակցում է 89 շահառու։ Ծրագրի երկրորդ ճամբարն անցկացվելու է սեպտեմբերի 19-ից 23-ը։