ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը Չինաստանում են՝ «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին մասնակցելու համար:
Սեպտեմբերի 9-ին Ցինդաո քաղաքում Աննա Հակոբյանը հանդիպել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության Շանդունի նահանգային մշտական կոմիտեի անդամ, նահանգային կոմիտեի կազմակերպչական վարչության ղեկավար Վան Յույանի հետ: Տիկին Յույանը շնորհակալություն է հայտնել կանանց համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ վերջին տարիներին երկու երկրների հարաբերությունները շարունակում են խորանալ տարբեր ուղղություններով, ինչի վկայությունն է ամենատարբեր, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակներով պաշտոնական այցերը:
Չինաստանի Ցինդաո քաղաք այցի երկրորդ օրը Աննա Հակոբյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Չինագիտության համաշխարհային կենտրոն: Կենտրոնի տնօրեն Սյու Բաոֆենի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է կենտրոնում, ծանոթացել առաքելությանը և գործունեության հիմնական ուղղություններին:
«Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովին ընդառաջ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպել է Պետական խորհրդական, Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին:
Աննա Հակոբյանն իր խոսքում կարևորել է հանդիպումը և «Շանհայի համագործակցության կազմակերպության» կանանց համաժողովում ներգրավված լինելը, հավելել, որ կանանց կարողությունների զարգացումն իր ղեկավարած հիմնադրամի առաջնահերթություններից է:
«Ես անձամբ, և իմ հիմնադրած ու ղեկավարած հիմնադրամի ծրագրերի շրջանակում մեծ ջանք ենք գործադրում կանանց աջակցության, հզորացման, կանանց կրթվելու, ինքնավստահ ու ավելի համարձակ լինելու, տնտեսության և հանրային կյանքի այլ ոլորտներում ներգրավվածություն ունենալու ուղղությամբ, և տեղյակ եմ, որ Համաչինական կանանց ֆեդերացիան նույնպես ունի կանանց հզորացնելու նպատակ: Առաջարկում եմ դիտարկել «Իմ Քայլը» հիմնադրամի և Համաչինական կանանց ֆեդերացիայի միջև գործակցությունը և երկու ուղղություներով կանանց ճանաչողական այցեր կազմակերպելու հնարավորությունը: Ես կարծում եմ, որ բոլոր հայ կանայք, որոնք ստացել են հիմնադրամի աջակցությունը և մասնակցել են մեր ծրագրերին, մեծ ուրախությամբ նման նախաձեռնությանը և կայցելեն բարեկամ Չինաստան, կկիսեն իրենց փորձը, կյուրացնեն այստեղինը և ավելի հարստացած գիտելիքներով ու մշակույթով կվերադառնան Հայաատան»,- իր խոսքում նշել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Աննա Հակոբյանը Շեն Յիցինին պաշտոնապես հրավիրել է Հայաստան:
Կանանց համաժողովից հետո սեպտեմբերի 13-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հանդիպելու է “Soong Ching Ling” հիմնադրամի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկվելու են Հիմնադրամի ծրագրերի շուրջ համագործակցության նոր եզրեր գտնելու հնարավորությունները: