Վանաձորում ծնված ու մեծացած Մհեր Լալազարյանը քաղաքում համակարգիչների մասնագիտացված խանութների սակավությունը միշտ է նկատել։ Բայց քանի որ զինվորական էր, չէր շեղվում հիմնական մասնագիտությունից։ Տարբեր զորամասերում որպես սպա ծառայելուց հետո Մհեր Լալազարյանը 44-օրյա պատերազմի ընթացքում վիրավորում է ստացել ծնկի հատվածում, մի քանի վիրահատությունից հետո կատարել են ծնկան հոդի էնդոպրոթեզավորում։
Առողջականն արդեն լավ է, մեծամասամբ վերականգնվել է, վերադարձել է սիրած աշխատանքին՝ զինվորական գործին, զուգահեռ արդեն նաև բիզնեսն է զարգացնելու։ Իսկ բիզնեսը հիմնել է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ 2023 թվականին Մհեր Լալազարյանը մասնակցել է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին։
Եվ քանի որ հայրենի քաղաքում հենց համակարգիչների մասնագիտացված ծանութի պակաս կար, Մհերը գաղափարը գլխում արդեն մեկնել էր «Իմ քայլը» հիմնադրամի կազմակերպած կողմնորոշման ճամբար։ Համակարգիչների մասնագիտացված խանութի հիմնման բիզնես պլանը հավանության է արժանացել և Մհերը «Իմ քայլը» հիմնադրամից խանութը բացելու համար ստացել է անհրաժեշտ ամբողջ գույքը, տպող սարքեր, համակարգիչներ՝ հաշվապահություն և վաճառք իրականացնելու համար։
Խանութում արդեն մի ամբողջ տեսականի է առկա՝ համակարգիչներ, էկրաններ, համակարգչային աքսեսուարներ։ Մհերն այդ նույն տարածքում կմատուցի նաև համակարգիչների ծրագրային ապահովման ծառայություններ։ Մհեր Լալազարյանը վստահ է՝ պետք է քայլել առաջ և ամեն ինչ կստացվի։