Երևանում սեպտեմբերի 1-ից 2-ն անցկացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը նվիրված էր հաշմանդամություն ունեցող անձանց ներառմանը, ինտեգրմանը, հզորացմանը՝ համաժողովի երկու օրերն ամփոփել է «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը։
Համաժողովը հարուստ էր նաև իր ներկայացվածությամբ՝ պաշտոնյաներ Հայաստանից, Կատարից ու ԱՄԷ-ից, դիվանագետներ, ոլորտի մասնագետներ, տեղական ու միջազգային տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, հաշմանդամություն ունեցող անձինք ու նրանց հարազատներ։
Համաժողովի նպատակն էր հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններին համախմբելը, խնդիրների վերհանումն ու դրանց լուծումներ գտնելը։ Պակաս կարևոր չէր փորձի փոխանակումը, միջազգային փորձի ուսումնասիրությունը, դա տեղայնացնելու հնարավորության քննարկումը՝ նշել է Թալին Թօփալաքեանը։
«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովը նախաձեռնել էր «Իմ Քայլը» հիմնադրամը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործակցությամբ։ Կազմակերպման հարցում Հիմնադրամի գործընկերն էր «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ: