Շիրակի, ապա Լոռու և Արմավիրի մարզերում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրը բարեհաջող ավարտելուց հետո «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը։ Այս անգամ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագիրն անցկացվում է Կոտայքի, Արարատի և Վայոց ձորի մարզերում։ Սեպտեմբերի 6-ից մեկնարկում է երրորդ փուլի կողմնորոշման ճամբարը։
«Կողմնորոշման ճամբարը կարելի է բնորոշել որպես «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ամենակարևոր շրջան, քանի որ հենց այդ օրերի ընթացքում են բացահայտվում ծրագրի մասնակիցների նախընտրությունները նոր մասնագիտության ընտրության հարցում։ Մասնակցությունը կողմնորոշման ճամբարին պարտադիր է։ Եթե ըստ հերթականության ներկայացնեմ, ապա նախ ծրագրի մասնակիցները շփվում են մասնագետների հետ և նրանց օգնությամբ փորձում գտնել իրենց համար ամենացանկալի ու ընդունելի մասնագիտությունը, որով կցանկանային աշխատել։ Հետո մասնագետները սկսում են անհատական աշխատել բոլորի հետ, օգնում են կազմել անհատական պլաններ․ սա ամենահետաքրքիր փուլն է, քանի որ այստեղ է ծնվում բիզնես գաղափարը։ Իսկ այն մասնակիցները, որոնք ընտրում են մասնագիտական կարողությունների զարգացումը, «Իմ Քայլը» հիմնադրամն աջակցում է ուսման հարցում»,- մանրամասնում է «Իմ Քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ղեկավար Անահիտ Խալաթյանը։
Այս տարի ճամբարն անցկացվելու է երկու փուլով, քանի որ մասնակիցների թիվն այս անգամ կրկնապատկվել է․ երեք մարզերից միասին ծրագրին մասնակցում է 89 շահառու։ Առաջին փուլը կանցկացվի սեպտեմբերի 6-ից 11-ը, երկրորդը՝ սեպտեմբերի 19-ից 23-ը։
«Ճամբարի ժամանակ նախատեսվում են նաև անձի բացահայտմանն ուղղված քննարկումներ, ներկայացվում են աշխատաշուկայում մրցունակ լինելու, գործատուին պատշաճ ներկայանալու հմտություններ, ճամբարի պարտադիր կետերից է նաև գործատուների հետ հանդիպումը՝ ըստ մարզերի, որի ընթացքում գործատուն շահառուին է ներկայացնում մարզի կարողությունները, թափուր աշխատատեղերը»,- նշում է Անահիտ Խալաթյանը։
Ճամբարից հետո արդեն հստակեցվում է ծրագրի յուրաքանչյուր մասնակցի անհատական զարգացման պլանը, որն էլ, հիմք ընդունելով, պատերազմի մասնակիցները հաճախում են մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացների: