«Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացված «Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում ԱՄԷ-ից ժամանած Consort World ընկերության տնօրեն Քամիլ Մատտան հավելյալ մեկ օր է անցկացրել հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ընտանիքի անդամների և նրանց հետ աշխատող մասնագետների հետ:
«Աջակցող միջոցների ներկայացում. կիրառումը և ազդեցությունը» խորագրով աշխատաժողովի ընթացքում Քամիլ Մատտան մանրամասն ներկայացրել է իր ընկերության գործունեությունը, նոր տեխնոլոգիաների կիրառության կարևորությունը, հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձանց շփվելու, արտահայտվելու իրավունքի ապահովման անհրաժեշտությունը:
«Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թոփալաքեանն ընդծել է, որ բանախոսները նաև արագացված վերապատրաստում էին կազմակերպել աշխատաժողովի մասնակիցների համար, ցուցադրել են, թե ինչպես կարելի է ճիշտ և արդյունավետ օգտագործել ներկայացված սարքավորումները:
Աշխատաժողովը կարևորել է նաև ԱՍՀՆ ներկայացուցիչ Արփինե Հայրապետյանը՝ շեշտելով, որ պետությունը հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրում է աջակցող միջոցներ՝ պետական հավաստագրի հիման վրա:
«Հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների հասանելիություն/փորձի փոխանակում» միջազգային համաժողովն անցկացվել է սեպտեմբերի 1-ին և 2-ին։ Այն նախաձեռնել էր «Իմ Քայլը» հիմնադրամը՝ գործակցելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Համաժողովը կազմակերպելու հարցում Հիմնադրամի գործընկերն է «Վորլդ Վիժն» կազմակերպությունը՝ Եվրոպական միության աջակցությամբ: