«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Դավիթ Վարդանյանը Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ջրաշեն գյուղի բնակիչ է։ Կամավոր սկզբունքներով մասնակցել է թե՛ 2016-ի քառօրյա, թե՛ 2020-ի 44-օրյա պատերազմներին։ Վերջինից, սակայն, վիրավորում ստացած է վերադարձել՝ մարտական գործողությունների ժամանակ ոտքի վիրավորում ու կոտրվածք է ստացել։
Ջրաշենում երկար տարիներ զբաղվել է այգեգործությամբ։ Հիմա էլ ծիրանի ու դեղձի ծառեր ունի, շուրջ 7.000 քմ հողի վրա էլ խոտ է աճեցնում։ Զուգահեռ նաև անասնապահությամբ է զբաղվում։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի մասին տեղեկանալուց հետո որոշել է անպայման մասնակցել։ Ծրագրով հաշմանդամության կարգ ձեռք բերած պատերազմի մասնակիցների համար կազմակերպվել է կողմնորոշման ճամբար, որի արդյունքներով կազմված զարգացման անհատական պլանների հիման վրա մասնակիցներն անցել են մասնագիտական վերապատրաստման և բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացներ: Դավիթ Վարդանյանը դասընթացների արդյունքում ներկայացրել է անասնապահության ոլորտին առնչվող բիզնես պլան և հիմնադրամի կողմից ստացել «Հոլշտեյն» ցեղատեսակի երկու կով։
«Ծրագրից ու դասընթացներից շատ գոհ եմ, օգտակար էին։ Երբ «Իմ քայլը» հիմնադրամից ասացին, որ կֆինանսավորեն մեր բիզնես պլանները ու կարող են տոհմային կովեր տրամադրել, անմիջապես համաձայնեցի։ Ժամանակին երինջ ու հորթ ունեի, վաճառեցի ու գոմս նորոգեցի, շատ հին էր, քանդված։ Վերջերս նորից մեկ կով ձեռք բերեցի։ Հիմա ևս երկու տոհմային անասուն եմ ստացել, որոնցից յուրաքանչյուրն էլ արդեն հորթ է բերել», – պատմում է «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն։
Դավիթ Վարդանյանի խոսքով՝ տոհմային անասունը տեղականից տարբերվում է իր չափերով ու կաթնատվությամբ։ Երկու կովերը միասին օրական մոտ 30 լիտր կաթ են տալիս՝ վստահեցնում է ֆերմերը։
Նման ծրագրերի իրականացումը շատ կարևոր է՝ նշում է Դավիթ Վարդանյանը և հավելում, որ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի և բիզնես պլանի հաստատման արդյունքում ինքը եկամտի նոր աղբյուր է ձեռք բերել։