Բեսիկ Խեթագուրին ծնունդով Վրաստանից է․ հայրը վրացի է, մայրը՝ հայ։ Ինքը վաղուց արդեն Հայաստանում է ապրում, իրեն լիարժեք հայ է համարում, երկրից հեռանալու մտադրություն էլ չունի։ Թե՛ տանը, թե՛ գյուղում բարեկամները, ընկերները և համագյուղացիները Բեսիկ Խեթագուրիին Մհեր են կոչում։ 2020 թվականի հոկտեմբերին Մհերը պատահաբար տեղեկացել է, որ մտերիմ ընկերներից մեկը կամավորագրվել է և առաջնագիծ է մեկնում։ Առանց տատանվելու ինքն էլ տանեցիներին հրաժեշտ է տվել ու ընկերոջ հետ սահման մեկնել։
Պատմում է՝ թեժ մարտեր են մղել, 7 ժամ անդադար կռվելուց հետո դադար է եղել, որոշել են հանգստանալ, բայց չեն հասցրել՝ հակառակորդը օդային գրոհ է սկսել։ Բեսիկը վիրավորվել է, ընկերը զոհվել։ Բեկորային վիրավորումներ է ստացել, Երևանում 6 վիրահատության է ենթարկվել։
Բեսիկ Խեթագուրին մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին։ Բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացին մասնակցելուց հետո սեփական բիզնես պլանն է մշակել։ Սկզբում տոհմային ոչխարներ էր ուզում բուծել, սակայն ընկերների խորհրդով որոշումը փոխել է և տոհմային կովեր է ուզել հիմնադրամից։
Արդեն 2 ամիս է՝ երկար տարիներ դատարկ մնացած գոմը կրկին գործում է, երկու «Հոլշտեյն» ցեղատեսակի կով է պահում Բեսիկը։ Արդեն մյուս տարի կովերը կկրկնապատկվեն՝ հորթեր պետք է ծնեն։ Բեսիկը նպատակ ունի 1-2 տարում մի քանի անգամ ավելացնել կովերի թիվը, նաև սեփական միջոցներով կենդանի գնել և աստիճանաբար հրաժարվել հողագործությունից։ Ասում է՝ անասնապահությունը և՛ ապահով է, և՛ ավելի եկամտաբեր, քան ջերմոցներում բանջարեղեն աճեցնելը։ Նպատակ ունի կովերի թիվը ավելացնել ու նոր՝ խելացի անասնագոմ հիմնել։