Էջմիածնից Սևակ Ստեփանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է։ 14 ամիս ծառայելուց հետո Սևակը նոր զորամաս էր տեղափոխվել։ Երկու շաբաթ չանցած արդեն լայնածավալ պատերազմի մեջ էր։ 20 օր տարբեր ուղղություններում կռվելուց հետո Սևակը վիրավորվել է, տեղափոխվել Ստեփանակերտ, վիրահատվել, ապա տեղափոխվել Երևան՝ բուժումը շարունակելու։ Սևակի վիրավորումը ոտքից էր՝ վնասվել էր ոտնաթաթը և վտանգ կար, որ չի կարողանա քայլել։ Բժիշկների, մի քանի վիրահատությունների, չմարող հավատի ու անսպառ պայքարի արդյունքում Սևակն այժմ վերադարձել է բնականոն կյանք՝ լիարժեք առողջ, սակայն վստահեցնում է՝ կյանքն արդեն 2 մասի է բաժանված՝ պատերազմից առաջ և հետո։
Էջմիածնի քոլեջում «Բանկային գործ» մասնագիտությամբ էր ուսում ստացել, բայց արդեն գիտակցել էր՝ դա իր գործը չէ։ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրին մասնակցելու առաջարկից հետո Սևակն անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ։ Բանկային մասնագետն արդեն ծրագրավորող է։
Նոր մասնագիտությունը սերտելու համար Սևակին նախ համապատասխան գրականություն են տրամադրել, հիմնադրամի աջակցությամբ նաև շփվել է մասնագետների հետ, խորհրդատվություն ստացել։ Արմավիրում ծրագրավորման դասընթացներ անցնելուց հետո Սևակը հենց նույն կազմակերպությունում աշխատանքի է անցել։ Նոր պրոյեկտներն արդեն բարդ էին, հին համակարգչի հզորությունը չեր բավարարում։ «Իմ քայլը» հիմնադրամը ծրագրի ավարտին, Սևակին նաև նոր համակարգիչ է հատկացրել։