«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությունը շարունակվում է: Օրերս հիմնադրամը «Ճախրուկ»-ներին նվիրել է վրաններ, աստղադիտակներ և մի շարք երաժշտական գործիքներ ու սարքավորումներ՝ թմբուկներ ու բարձրախոսներ:
«Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և Խարբերդի մասնագիտացված մանկատան մի խումբ սաների ներգրավմամբ ստեղծվել է «Ճախրուկ» համույթը, որը արդեն հասցրել է ելույթ ունենալ տարբեր միջոցառումների և փառատոնների ժամանակ: «Ճախրուկ»-ները սովորել են նվագել մի շարք երաժշտական գործիքներով՝ այդ թվում տարբեր տեսակի թմբուկներով: Ուստի, «Իմ քայլը» հիմնադրամը որոշել է հարստացնել «Ճախրուկ»-ի երաժշտական գործիքների հավաքածուն: Իսկ վրաններով «Ճախրուկները» նախատեսում են մեկնել արշավի, նոր աստղադիտակներով էլ ուսումնասիրել լուսինը, աստղերը և բացահայտել տիեզերքի գաղտնիքները:
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի և «Ճախրուկ» մշակութային հասարակական կազմակերպության գործակցությունը այսքանով չի ավարտվում: Այս պահին հիմնադրամը և կազմակերպությունը համատեղ աշխատում են «Ճախրուկ» սոցիալական սրճատուն հիմնելու նախագծի վրա: Սրճատանն աշխատելու են մասնագիտացված խնամքի կենտրոնների սաներ և նրանց ընտանիքի անդամներ: