«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի բաղադիչներից մեկը ճշգրիտ գյուղատնտեսությունն է։ Սյունիքի մարզի Սիսիանի ավագ դպրոցում անցկացվող «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման խմբային ուսուցման ծրագրի ճշգրիտ գյուղատնտեսության ուսուցիչ Ալբերտ Աբրահամյանը 1 ամիս ժամանակ է ունեցել աշակերտներին բացատրելու, թե որն է այս առարկայի առանձնահատկությունը։
«Ճշգրիտ գյուղատնտեսությունը տարբերվում է ավանդական գյուղատնտեսությունից բարձր տեխնոլոգիական սարքերի կիրառմամբ։ Օդի, հողի խոնավություն, հողի թթվայնություն, GPS կոորդինատներ՝ այս ամբողջ համախմբությունը թույլ է տալիս քայլ առաջ լինել և իրականացնել ճշգրիտ գյուղատնտեսություն։ Այսինքն, գյուղացին արդեն չի հիմնվում ավանդական փորձի վրա, այլ ունենում է մի պաշար, որտեղ ամեն տվյալ գրի է առնվում, կանխատեսումներ են արվում տվիչների տված ցուցումներից, և ամեն ինչը ավելի արդյունավետ ա լինում, քան ավանդական գյուղատնտեսության ժամանակ»,- ասում է «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման խմբային ուսուցման ծրագրի ճշգրիտ գյուղատնտեսության ուսուցիչ Ալբերտ Աբրահամյանը։
Ալբերտ Աբրահամյանը նույն դպրոցում ղեկավարում է նաև «Արմաթ» լաբորատորիան և սովորողների համար բացահայտել է նաև ռոբոտաշինության գաղտնիքները։ Ճշգրիտ գյուղատնտեսության տրամաբանության մեջ ռոբոտը կարող է անգամ բերքահավաք իրականացնել, տարբերակել հասած պտուղը խակից, առողջը՝ փչացածից։ Աշակերտները սովորել են նաև ագրոդրոնի կառուցվածքը, ուսումնասիրել են սարքը թռիչքի ժամանակ, գործնական դասընթացի ընթացքում նաև կառավարել գյուղնշանակության ԱԹՍ-ն։ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Մարտիրոսյանին հենց գործնական դասընթացներն են գրավել ու հետաքրքրել։ Ուսումնական ինն ամսվա ընթացքում ծրագրին մասնակից բարձր դասարանցիները այցելել են տարբեր ջերմոցներ ու արտադրություններ, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոն։
«Ինձ թվում է՝ ինտենսիվ այգին շատ լավ գաղափար է, և այն միանշանակ կարող է մի քանի անգամ ավելի արագ զարգացնել գյուղատնտեսությունը և նաև ընդհանուր տնտեսությունը Հայաստանում։ Ինձ նաև շատ հետաքրքրել են ագրոդրոնները և թե ինչպես է հնարավոր դրանք կիրառել գյուղատնտեսությունում։ Շատ ուրախ եմ, որ Հայաստանում գյուղատնտեսությունն այս մակարդակի է հասել։ «Հորիզոններ» ծրագիրը շատ կարևոր է, այն օգնում է երիտասարդներին կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում»,- պատմում է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Հեղինե Մարտիրոսյանը։
Ինտերակտիվ դասերը, գործնական պարապմունքները, փորձի ձեռքբերումը, նոր ծանոթությունները Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի մեկ այլ աշակերտուհու՝ Արևիկ Կարապետյանին բերել են այն եզրահանգման, որ «Հորիզոններ»-ը խմբակի ֆորմատից պետք է դառնա պարտադիր առարկա։
«Այս շրջանում մենք ծանոթացանք նոր ուսանողների ու դասախոսների հետ, ձեռք բերեցինք նոր փորձ ու գիտելիքներ։ Ինձ ամենից շատ հետաքրքրող թեմաներից էր պտղաբուծությունը և չափազանց հաճելի է, երբ տեսական գիտելիքներդ կարողանում ես գործնականում կիրառել, դա շատ կարևոր է։ Շատ դուր եկավ այգում աշխատելը, հողը պարարտացնելը կամ բույսերի պատվաստում իրականացնելը։ Մենք հողամաս կամ այգի չունենք, բայց ստացածս գիտելիքները կփորձեմ ծանոթ-բարեկամներիս փոխանցել»,- նշում է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի Արևիկ Կարապետյանը։
Ցանկացած առարկա, եթե ունի գործնական բաղադիչ, չի կարող արդյունավետ չլինել՝ նշում են ծրագրի ուսուցիչները ու հավելում՝ խմբակի մասնակիցներից շատերը մեծ ապագա ունեն ոլորտում, դրա համար բոլոր նախադրյալները ստեղծված են, մնում է պարզապես ճիշտ կազմակերպել գործունեությունը։
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրն այս օրերին ընդարձակում է մասնակից դպրոցների ցանկը։ Գործող 9-ը դպրոցներին նոր ուսումնական տարում կմիանան ևս 6-ը։