
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը Սյունիքում ընդլայնում է սահմանները։ Սիսիանի և Գորիսի 9 դպրոցներում (Անգեղակոթի մ/դ, Բռնակոթի մ/դ, Շաղաթի մ/դ, Շամբի մ/դ , Լորի մ/դ, Շաքիի մ/դ , Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ) հաջողելուց հետո «Իմ քայլը» հիմնադրամը որոշել է ծրագիրը ներդնել ևս 6 դպրոցներում (Գորայքի մ/դ, Վերիշենի մ/դ, Ակների մ/դ, Հարթաշենի մ/դ, Խնձորեսկի մ/դ, Կոռնիձորի մ/դ)։
Ծրագրի էությունը, մանրամասները և նպատակը ներկայացնելու համար «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ծրագրերի և արտաքին կապերի գծով փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը և «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ղեկավար Ռիմա Գրիգորյանը եռօրյա այց են կատարել Սյունիքի մարզ, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրեն Մերի Յոլյանի ուղեկցությամբ հանդիպել են բոլոր 6 դպրոցների տնօրեններին, ուսուցչական կազմին և աշակերտներին։
«Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են ծրագիրը, նախորդ երկու փուլի հաջողած պատմությունները։ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս 10-րդ, 11-րդ և 12-րդ դասարանի աշակերտներին ծանոթանալ ժամանակակից գյուղատնտեսությանը, պարզել, թե ի՞նչ սկզբունքով է կառուցվում և պահպանվում ինտենսիվ այգին կամ խելացի անասնագոմը, ինչպե՞ս են գյուղատնտեսությունում կիրառվում նորագույն տեխնոլոգիաները (օրինակ՝ ջերմոցի խոնավության, ջրման պարբերականության հեռավար կարգավորում և այլն)։
Հիմնադրամի ներկայացուցիչները պարզաբանել են, թե ինչ ժամաքանակով է ուսուցանվում «Ագրոտեխնոլոգիա» առարկան, ովքեր կարող են մասնակցել, ինչ ծրագրով պետք է խմբավարները կրթեն երեխաներին։ Հիմնադրամի աշխատակիցները պատասխանել են դպրոցների տնօրեններին և ուսուցչական անձնակազմին հետաքրքրող հարցերին, տեղեկացրել, որ հուլիսի վերջին նախատեսվում է առարկայական վերապատրաստումներ իրականացնել կենսաբանության ուսուցիչների համար, իսկ օգոստոսին կազմակերպել ամառային ճամբար սովորողների համար։ Ծրագրի յուրաքանչյուր բաղադրիչի դասավանդման ժամանակ սովորողները ստանում են անհրաժեշտ գիտելիք, ձեռք են բերում ոլորտին բնորոշ կարողություններ և հմտություններ։ Ագրոբիզնես մոդուլի ընթացքում աշակերտները ձեռք են բերում նաև բիզնես պլան կազմելու հմտություններ, իսկ հաջող բիզնես պլան մշակած աշակերտները կարող են նաև դիմել տարբեր դրամաշնորհների՝ գաղափարը կյանքի կոչելու համար։
Դպրոցների ներկայացուցիչները խոստացել են անել հնարավորը՝ ծրագիրը անխոչընդոտ իրականացնելու համար։ Ուսուցչական կազմը պետք է մինչև օգոստոս ծրագիրը ներկայացնի բարձր դասարաններին մասնակիցների վերջնական ցանկը կազմելու համար։
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը նախորդ երկու տարում աշակերտների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացրել։ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականին՝ Արմավիրի և Արագածոտնի մարզերում։ Այդ ժամանակ փորձարարական տարբերակով ծրագիրն իրագործվել է գինեգործության և խաղողագործության ոլորտում։ Նախորդ տարի ծրագիրը հասել է Սյունիքի մարզ։ Այստեղ ոլորտը գյուղատնտեսությունն է՝ երկու բաղադիրչով՝ բուսաբուծության և անասնաբուծության վարում ու գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակում, նորագույն տեխնոլոգիաների գործարկում։ Առարկան հանդիսանում է խմբային ուսուցման ծրագիր։