«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի այս տարվա ուսանողների ⅓-ը կարող է շարունակել զբաղվել գիտությամբ: Դիտարկումն անում է ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Արամ Պապոյանը, որն արդեն երկրորդ ուսումնական տարին է, ինչ դասախոսություն է կարդում “Quanta”-ի ուսանողների համար: Ըստ պրոֆեսոր Պապոյանի, այս տարի էլ ընտրյալների կուրս է հավաքվել, բոլոր ուսանողները մեծ պոտենցիալ ունեն:
«Սա յուրահատուկ խումբ է, և մենք հույսեր ենք կապում նրանց հետ: Մեր երկրում խնդիր է դրվել, որ քվանտային տոխնոլոգիաների ուղղությամբ բեկումնային զարգացում պետք է լինի, և այս պարագայում “Quanta”-ի ուսանողներից սպասելիքները մեծ են»,- ընդգծում է Արամ Պապոյանը:
Քվանտային գիտությանն ու տեխնոլոգիաներին կարևորություն է տրվում ամբողջ աշխարհում, շարունակում է պրոֆեսորը: Եվ ժամանակին համահունչ գնալու, միաժամանակ նաև սահուն սերնդափոխություն անելու համար առնվազն 100 երիտասարդ գիտնական է պետք պատրաստել և “Quanta”-ն այս առումով բացառիկ հնարավորություն է:
«Նման փոքր խմբերը շատ արդյունավետ են որակյալ կադրեր պատրաստելու տեսանկյունից: Ես շատ գոհ եմ ծրագրից և կարծում եմ, որ այն պետք է շարունակական լինի: Ծրագիրը բացառիկ է նաև նրանով, որ բացի տեղի անվանի դասախոսներից, ծրագրի շրջանակում դասավանդում են նաև օտարերկրացի հայտնի դասախոսներ: Նրանք ևս դրական են արտահայտվում “Quanta”-ի մասին և դա, կարծում եմ, պարզապես հաճոյախոսություն չէ, քանի որ շատերի հետ աշխատել եմ և մենք պահում ենք միմյանց հետ անկեղծ լինելու կանոնը»,- ասում է պրոֆեսոր Պապոյանը:
Առարկան, որը դասավանդում է պրոֆեսորը և որի քննական վերջին դասն էր, տարբերվում է մյուս առարկաներից նրանով, որ հիմնված է ոչ թե դասագրքի կամ կարծրացած ծրագրերի, այլ վերջին տարիների գիտական հոդվածների վրա: Արամ Պապոյանը կարծում է, որ կրթական ծրագիրը պետք է ամեն տարի թարմացվի և հաջորդ կուրսի համար ինքն արդեն նոր հոդվածներով կգա լսարան:
«“Quanta”-ում ես տեսա կաղապարներից դուրս աշխատելու և ավելի ստեղծարար մոտեցումներ կիրառելու հնարավորություն: Կոնկրետ իմ առարկան ավելի շատ փորձարարական բնույթի է և ավելի շատ կիրառական ուղղությամբ է»,- շեշտում է Արամ Պապոյանը:
Պրոֆեսորը տարբեր ժամանակաշրջաններում դասավանդել է նաև Ֆրանսիայում՝ տարբեր երկրներից ուսանողների: “Quanta”-ի ուսանողների կրթական մակարդակը լիովին համեմատելի է նրանց մակարդակի հետ՝ ընդգծում է Պապոյանը: