
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրին Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից 10-րդ և 11-րդ դասարանցի 53 աշակերտ է մասնակցում։ «Հորիզոններ»-ի մասին այս դպրոցում դեռ 9 ամիս առաջ պատմել էր կենսաբանության ուսուցչուհի Սոնա Հարությունյանը։ Հիմա արդեն երկու խմբերն էլ հաջողությամբ ավարտել են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի առաջին ուստարին։
««Հորիզոններ»-ը երեխաների մոտ հողի, ընտանի կենդանիների հետ աշխատելու մոտիվացիա է ստեղծում։ Դասերին բոլոր աշակերտները մեծ հաճույքով են հաճախում։ Տեսական դասերից զատ այցելել ենք տարբեր ջերմոցներ, գործարաններ, ֆերմաներ։ Գործնական պարապմունքներ ենք անցկացրել նաև ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի խելացի գյուղատնտեսության կենտրոնում, որտեղ երեխաները իրենց ձեռքով կանաչեղեն ու բույսեր են ցանել։ Դուալ կրթական այս ծրագիրը չափազանց կարևոր է, և եթե այս տեմպով շարունակվի, ապա երեխաները մեծ բարձունքների կհասնեն», – ասում է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի խմբակի ղեկավար Սոնա Հարությունյանը։
Նույն դպրոցից Դավիթը իրեն գյուղատնտեսության մեջ երբեք չի պատկերացրել, սակայն որոշել է փորձել իր ուժերը նաև այս ոլորտում։ «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը Դավիթին շատ գիտելիք է տվել, ինքը հաճելիորեն առանձնացնում է թե՛ տեսական, թե՛ գործնական պարապմունքները։
«Եթե համեմատում ենք գործնականն ու տեսականը, ապա գործնականն ավելի հաճելի է, սակայն առանց տեսականի մենք չէինք կարողանա հաջողել գործնական պարապմունքներում։ Նախատեսում եմ այլ մասնագիտությամբ աշխատել, բայց գյուղատնտեսության մասին ձեռք բերած գիտելիքներն անշուշտ ինձ պետք կլինեն, ինչ-որ մի օր կօգտագործեմ, կամ եթե ոչ ինքս, ապա այլ մարդկանց խորհուրդներ կտամ», – նշում է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Դավիթ Հարությունյանը։
Մանեն հողի հետ փոքր տարիքից է աշխատում, իրենց այգին ավանդական է։ Արդեն դասերի ընթացքում հասցրել է զգալ ավանդական ու խելացի գյուղատնտեսության տարբերությունը։ «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի մեկնարկից հետո շատերն են դպրոցում մոտեցել ու հարցուփորձ արել ծրագրի մասին, հետաքրքրությունն ամբողջ դպրոցի մոտ մեծ է։
«Գյուղատնտեսությունում նոր տեխնոլոգիաներն ավելի շատ հնարավորություններ են տալիս ֆերմերին, ինչն ուրախացնում է և գովելի է։ Համոզված եմ, որ նորարարական այս տեխնոլոգիաների շնորհիվ մենք առաջիկայում ավելի լավ բերքատվություն կունենանք, գյուղատնտեսությունը կզարգանա։ Մշակաբույսերի աճեցման դասերից հետո ստացածս փորձը կիրառել եմ մեր այգում։ Մենք, մեր սովորած տեսական գիտելիքները կիրառելով, հմտանում ենք այս գործում և ինձ թվում է՝ հետագայում, արդեն ավարտելուց հետո, մենք կարողանալու ենք շարունակել այս աշխատանքը մեր հիմնական մասնագիտությունից զատ։ Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է ընդլայնվի Հանրապետության ողջ տարածքով», – նշում է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորող Մանե Մարտիրոսյանը։
Իսկ նման մտադրություն «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն ունի: Առաջիկայում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը կընդարձակվի և կհասնի նոր դպրոցներ ու նոր բնակավայրեր, որոնց հատուկ է գյուղատնտեսությունը։ Սյունիքի մարզում այս պահին ծրագիրը հասանելի է Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 9 դպրոցներում (Անգեղակոթ, Բռնակոթ, Շաղաթ, Շամբ, Լոր, Շաքի, Սիսիանի ավագ, Գորիսի թիվ 1 և թիվ 4 ավագ դպրոցներ)։ «Ագրոտեխնոլոգիա» դասընթացն անցկացվում է երկու բաղադրիչով՝ բուսաբուծության ու անասնաբուծության վարում և գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վերամշակում, նորագույն տեխնոլոգիաների գործարկում: