
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից իրականացվող «Ներուժ 5․0» պետական ծրագրի հայտերի ընդունումը մեկնարկել է: Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացը և ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ մասնագիտական հայրենադարձության միջոցով:
Ծրագրին կարող են մասնակցել տեխնոլոգիական և նորարական ստարտափ գաղափար ունեցող այն թիմերը, որոնց անդամների կեսը սփյուռքահայեր են և դրամաշնորհ ստանալու պարագայում պատրաստ են վերադառնալ Հայաստան, հիմնել ընկերություն և առնվազն մեկ տարի զբաղվել տնտեսական գործունեությամբ: Դրամաշնորհային բյուջեն կկազմի 90 մլն ՀՀ դրամ:
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով, իսկ հավելյալ տեղեկությունների ստանալու համար կարող եք այցելել «Ներուժ» ծրագրի պաշտոնական կայք:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2024թ․ հունիսի 30-ը, ժամը՝ 18:00-ն:
Հիշեցնենք, որ դեռևս 2021թ․-ին հուշագիր էր ստորագրվել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Իմ Քայլը» հիմնադրամի միջև «Ներուժ» ծրագիրը համատեղ իրագործելու նպատակով: 2022թ․-ին «Ներուժ 3․0» ծրագրի դրամաշնորհային բյուջեն հատկացրել էր հիմնադրամը: Ծրագրի հաղթողներ էին ճանաչվել Biocentric.ai, Reactive Science և ATMT (Doctor1) ստարտափները, որոնց ընդհանուր առմամբ հատկացվել էր 45 մլն ՀՀ դրամ: Երեք ստարտափներն էլ ՀՀ-ում հիմնել էին ընկերություններ, որոնք հաջողությամբ գործում են առ այսօր: Հաշվի առնելով «Ներուժ 3․0» ծրագրի հաջողությունները՝ «Իմ Քայլը» հիմնադրամը կաջակցի նաև «Ներուժ 5․0»-ին՝ նպաստելով Սփյուռքում ծրագրի իրազեկման աշխատանքներին: