Ոչ հավասարակշռված օպտիկական երևույթներ՝ հիմնված քվանտային կետերով, քվանտային հորերով, կիսահաղորդչային լազերներով․ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող “Quanta” ծրագրի հրավիրյալ դասախոսի՝ Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Ֆիրսովի դասախոսության ուղղություններն են։ Պրոֆեսորն արդեն երկրորդ տարին է դասախոսություն կարդում “Quanta”-ի շրջանակում։
«Այս թեման՝ «Օպտիկական ճառագայթման փոխազդեցությունները հաղորդիչների հետ», ինչը ես այստեղ դասավանդում եմ, այնքան էլ շատ ուսումնասիրված չէ։ Դա իր հերթին դասապրոցեսն ավելի հետաքրքիր է դարձնում։ Ուսանողների հետ աշխատելը ևս շատ հետաքրքիր է։ Իրականում, նրանց գիտելիքները շատ են, սակայն իմ դասախոսության թեմայով նրանք շատ նոր բան ունեն սովորելու, ինչն էլ մենք փորձում ենք իրականացնել այս օրերի ընթացքում», – նշում է հրավիրյալ դասախոսը:
Պրոֆեսոր Ֆիրսովը հիշում է՝ երբ առաջին անգամ էր գալիս դասախոսելու “Quanta”-ի ուսանողների համար, մտահոգությունները շատ էին՝ ինչպե՞ս կանցնեն դասախոսությունները, ինչպե՞ս դրանք կընդունեն ուսանողները։ Նախորդ կուրսի հետ աշխատանքի արդյունքը գոհացնող էր։ Երկրորդ այցի ընթացքում դասապրոցեսն ավելի հղկված է, դասախոսները ևս փորձ են ձեռք բերում նմանատիպ ծրագրերում՝ անկեղծանում է Դմիտրի Ֆիրսովը։
«”Quanta”-ն հոյակապ նախագիծ է, մենք Ռուսաստանում չունենք նման օրինակ։ Սովորաբար ծրագրերը մշակվում, ապա հսկվում են համալսարանների և նախարարության կողմից, իսկ այս պարագայում հավաքվել են մի շարք հիանալի դասախոսներ աշխարհի տարբեր երկրներից և կազմել են այս ծրագիրը շատ ակտուալ՝ քվանտային ֆիզիկայի թեմայով», – ասում է պրոֆեսորը:
Ուսանողներից որոշները վստահաբար կշարունակեն գիտական գործունեությունը՝ կանխատեսում է հրավիրյալ դասախոսը։ Այս ծրագիրը և ուսման այս տարբերակը ֆունդամենտալ բնույթ ունի՝ սա իրական համալսարանական ուսում է և դրա ֆունդամենտալությունն է, որ ծրագիրը դարձնում է իրապես արժեքավոր՝ ընդգծում է պրոֆեսոր Ֆիրսովը։