44-օրյա պատերազմը խաչել է ԵՊՀ-ն նոր ավարտած Արամի ու գիտական աշխարհում մեծ ճանապարհ անցած ֆիզիկոս Հայկ Սարգսյանի ճանապարհները։ Արամը բանակ էր մեկնել սպայի ուսադիրներով՝ մասնակցել էր «Պատիվ ունեմ» ծրագրին, իսկ պրոֆեսորը պատերազմի օրերի ընդհանուր զորահավաքի շրջանակում մեկնել էր առաջնագիծ։ Երիտասարդ ֆիզիկոսը ճանաչել, մոտեցել էր պրոֆեսորին․ սա, չնայած տարիքային տարբերության, նոր ընկերության սկիզբ էր։
«Պատերազմի օրերը բեկումնային էին, ես ձեռք բերեցի լավ աշակերտ, այդ պահին արդեն հասկանալի էր, որ Արամը շատ լավ և կուռ, հստակ մտածելակերպ ուներ, ինչպես ֆիզիկոս»,- հիշում է պրոֆեսոր Սարգսյանը։
Արամը պոտենցիալ ունի՝ հասկացել էր պրոֆերսորը և ինքն իրեն ու Արամին խոսք էր տվել՝ պատերազմի ավարտից հետո, երբ ողջ ու առողջ վերադառնան տուն, զբաղվելու են Արամի ուսումով։ Այդպես էլ եղավ․ վերադարձան, քննարկեցին անելիքները և կողմնորոշվեցին՝ «Իմ քայլը» հիմնադրամի կողմից նոր ստեղծված «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագիրը հենց այն է, ինչ փնտրում են։
«Հնարավորություն եղավ մասնագետների թիմ հավաքել, նաև հրավիրել առաջատար մասնագետների արտերկրից՝ շնորհիվ այն հանգամանքի, որ հիմնադրամը ֆինանսավորում էր այդ պրոֆեսորների այցելությունները Հայաստան և նրանք բավականաչափ կարևոր դասախոսություններ էին կարդում ու կարդում են մեր ուսանողների համար՝ ծրագիրը հիմա էլ շարունակվում է և հիմնական նպատակը այն է, որ Հայաստանում ձևավորվի մասնագետների որոշակի թիմ, որոշակի բանակ, որոնք հետագայում պատրաստ կլինեն ինչպես շահագործելու, այնպես էլ իրենց կողմից քվանտային ֆիզիկայի վերաբերյալ նոր գաղափարներ տալու»,- պատմում է Հայկ Սարգսյանը։
Ֆիզիկան լեզու է, որը սովորելու և հասկանալու համար տքնաջան աշխատանք է պահանջում՝ նշում է ֆիզիկայի մեծ աշխարհում առաջին քայլերն անող մասնագետը։ «Քվանտան»-ն գիտելիքի մեծ աղբյուր է, հնարավորություն՝ լսելու բացառիկ դասախոսություններ տեղի ու արտասահմանի անվանի պրոֆեսորների կողմից, ծանոթանալու կրթված ու խելացի մարդկանց հետ, որոնց հետ սովորելը նույնպես մեծ հաջողություն է համարում Արամը։
«Ծրագրի շրջանակներում նախատեսված էր, որ մագիստրոսական թեզը պետք է տպագրվեր որևէ ամսագրում։ Իմ մագիստրոսական թեզն արդեն տպագրվել է ԳԱԱ ամսագրում»,- ընդգծում է Արամ Նահապետյանը:
Արամը հիմա աշխատում է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, կրտսեր գիտաշխատող է։ Պրոֆեսոր Սարգսյանն էլ նույն ինստիտուտում ղեկավարում է նանո և մեզո համակարգերի ֆիզիկայի լաբորատորիան։ Արամն այս պահին երկու տարբեր ծրագրերի վրա է աշխատում և խորացնում գիտական ընկերությունը պրոֆեսորի հետ։
«Քվանտան»-ն գործում է 2022-ից, կրթական ծրագրի ավարտին ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան և դիպլոմ, որը լիցենզավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից: Ծրագրիրը 1,5 տարի է տևում, ուսանողների առավելագույն քանակը 15-ն է։ Ուսումը վճարովի է, որը փոխհատուցում է «Իմ քայլը» հիմնադրամը՝ կրթաթոշակի տեսքով: