«Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում դրամական աջակցություն ստանալու 166 հայտերն ուսումնասիրելու համար ստեղծված աշխատանքային խումբն ավարտել է աշխատանքների առաջին փուլը: 106 հայտ համապատասխանել է պահանջներին և անցել երկրորդ փուլ:
«Աշխատանքային խումբն առաջիկա աշխատանքների ընթացքում կընտրի 42 շահառու: Աշխատանքային կարգը մշակված է: Գործընթացի թափանցիկությունը և գումարի արդարացի բաշխումը շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ֆորմատը՝ կայացած գործարարից սկսնակ գործարարին, պատրաստվում ենք շարունակել և դարձնել տարեկան առնվազն երկու անգամ»,- ընդգծել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը:
Աշխատանքային խումբը հայտերը ֆիլտրելու առաջին փուլում ուշադրություն է դարձրել երկու կարևոր պայմանի վրա. աջակցություն ստանալու համար դիմած սկսնակ գործարարները պետք է լինեն իրավաբանական անձ և գործունեություն ծավալեն մարզում:
«Մենք հաճախ ենք խոսում կանանց հավասար հնարավորությունների մասին, բայց եթե մենք իրոք ուզում ենք, որ այդ հնարավորույթունները հավասար լինեն, ապա պետք է իմանանք, որ պարզապես հնարավորություն տալը շատ ինքնանպատակ է, եթե դրանից հետո ամեն օր հետևողականորեն չես աշխատում այդ հնարավորությունների կատարելագործման ուղղությամբ: Այս ծրագիրը, ըստ էության, ուղիղ կապ է ավելի հաջողակ կին գործարարների և իրենց բիզնեսը նոր սկսող ու մարզերում բնակվող գործարար կանանց միջև, որը ինչպես ուշադրություն է հրավիրում կին գործարարության զարգացման վրա, այդպես էլ ուղիղ կապ է ստեղծում այդ երկու խումբ կանանց միջև և ավելի հաջողակներն ուղիղ օժանդակություն են ցուցաբերում մանր բիզնեսով զբաղվող մարզաբնակ կանանց»,- նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը:
Առաջիկայում երկրորդ փուլ անցած մասնակիցներին կուղարկվի հայտերի լրացման պրոֆեսիոնալ ձևաթուղթ՝ մշակված աշխատանքային խմբի կողմից, և կտրվի որոշակի ժամկետ այն լրացնելու համար, որից հետո կուսումնասիրվի դիմողների բիզնես գործունեությունը և շուկայում դրա մրցունակությունը: Լրացված ձևաթղթերի գնահատման արդյունքներով էլ կորոշվի՝ ում կտրվի ֆինանսական աջակցություն:
«Արդեն ստացված հայտերի գնահատման արդյունքում կորոշվեն 42 հաղթողները: Այնուհետև նրանց հետ կկնքվի նվիրաբերության պայմանագիր, կտրամադրենք 1 մլն դրամ ֆինանսական աջակցություն և որոշակի ժամանակ կսպասենք, որ շահառուներն իրականացնեն իրենց ծրագիրը: Ապա կստեղծվի մոնիթորնգային խումբ և բոլոր 42 դրամաշնորհ ստացած անձանց մենք կայցելենք, կծանոթանանք կատարված աշխատանքներին», – մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքին մասնակցել էին 42 կայացած կին գործարար: Ողջ հասույթը՝ 42 մլն դրամը, որպես դրամաշնորհ, տրամադրվելու է 42 սկսնակ կին գործարարի՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։