
Հունաստանի Պատրայի համալսարանի Նյութագիտության ամբիոնի դոցենտ Խրիստոս Գարուֆալիսը “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի հրավիրյալ դասախոսներից է: Նախաձեռնության մասին հայ գործընկերներից է տեղեկացել: Գաղափարը հույն պրոֆեսորին շատ հետաքրքրեց, ու մտածեց՝ պետք է անպայման մասնակցի ծրագրին՝ դասավանդի:
«Ինձ համար սա շատ կարևոր է: Ծանոթացել եմ նոր հետազոտողների հետ, ավելի լավ ճանաչել Հայաստանի գիտական ներուժը: Կարծում եմ՝ ես էլ կարող եմ իմ փորձով կիսվել: Գիտեմ, որ Հայաստանը քայլեր է ձեռնարկում բարձր արտադրողականության հաշվողական տեխնոլոգիաների ուղղությամբ։ Այսպիսով, ավելի ակտիվ գործակցության լուրջ հեռանկար է բացվում: Անհամբեր սպասում եմ տեսնելու, թե ինչ կստացվի», – ասում է Խրիստոս Գարուֆալիսը:
«Իմ քայլը» հիմնադրամը “Quanta” ծրագիրն իրականացնում է 2022 թվականից: Հիմնադրամը ֆինանսավորում է թե՛ ուսանողների ուսման վարձը՝ կրթաթոշակի տեսքով, թե՛ հրավիրյալ դասախոսների վարձատրությունը: Պրոֆեսոր Գարուֆալիսը Հայաստանում երկու շաբաթով է՝ հագեցած օրակարգով: Կենտրոնացած է հաշվողական նյութագիտության վրա: Հրավիրյալ դասախոսի խոսքով, այս առարկան սերտելու համար տեսական բազա է անհրաժեշտ ունենալ:
«Այնպես որ, լեկցիաների մեծ մասը տեսության, մեթոդների մասին է: Նաև գործնական, կիրառելի գիտելիքներն ենք զարգացնում»,- ընդծում է պրոֆեսոր Գարուֆալիսը:
Մասնագետը ֆիզիկայով շատ երիտասարդ տարիքում է սկսել հետաքրքրվել, սկզբում որպես հոբբի: Ոլորտը ավելի խոր սկսեց ուսումնասիրել համալսարանում, մասնագիտացավ հաշվողական նյութագիտության վրա: «Սիրեցի գիտության, քվանտային մեխանիկայի խառնուրդը»,- ընդգծում է հրավիրյալ դասախոսը:
«Այս ոլորտը երբեք չի հոգնեցնում, նոր հնարավորություններ են բացվում: Ուսանողներին էլ ոգեշնչում ես նոր հորիզոններ բացահայտել, միշտ աշխատել: Ոգևորիչ է, երբ համատեղ աշխատանքից հետո նրանք որոշում են շարունակել գիտության ուղին, ես արդեն նման ուսանողներ ունեմ», – պատմում է Խրիստոս Գարուֆալիսը:
Հայ ուսանողները մաթեմատիկայի, ֆիզիկայի ոլորտումներում գիտելիքի լուրջ պաշար ունեն, ինչը տպավորիչ է: Հրավիրյալ դասախոսը հայերի հետ աշխատած գործընկերներից սրա մասին լսել էր, հիմա սեփական փորձով համոզվեց և գոհունակությամբ և ուրախությամբ արձանագրեց՝ ուրախ է, որ աշխատել է Հայաստանում ու հավելում է՝ որակյալ ուսանողներ ունենալը Հայաստանում ավանդույթ է: