Ապրիլի 30-ին ավարտվել է «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում սկսնակների կողմից հայտերի ընդունման ժամկետը: 1 մլն դրամ դրամաշնորհ ստանալու համար դիմել է 166 սկսնակ կին գործարար:
Մայիսի 8-ից մեկնարկելու են ստացված հայտերի ուսումնասիրման աշխատանքները, որի համար ստեղծվելու է աշխատանքային խումբ: Կազմում լինելու են «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, աշխատանքային խմբում ներգրավելու նպատակով հրավերներ են ուղարկվել բիզնեսի պլանավորման և կառավարման անկախ փորձագետների, ՀՀ Էկոնոմիկայի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություններին: Աշխատանքային խմբի քննարկումները լուսաբանվելու են:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքին մասնակցել էին 42 կայացած կին գործարար: Ողջ հասույթը՝ 42 մլն դրամը, որպես դրամաշնորհ, տրամադրվելու է 42 սկսնակ կին գործարարի՝ իրենց բիզնեսը զարգացնելու համար։