
«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը մեկնարկել է հանրապետության երաժշտական դպրոցներին ու խմբերին երաժշտական գործիքներ տրամադրելու գործընթաց: Շուրջ երեք տասնամյակ գործիքների բացակայության պատճառով նվագելու հնարավորությունից զրկված Հանրային ռադիոյի «Արևիկ» մանկապատանեկան անսամբլը լրացրեց իր նվագախումբը հարվածային և փողային գործիքներով:
Երաժշտական գործիքները «Իմ քայլը» հիմնադրամին են փոխանցել մի խումբ բարերարներ:
«Երկու տարի առաջ զանգ ստացանք ԱՄՆ-ում բնակվող հայերից, որոնք պատրաստ էին կիթառներ նվիրել երաժշտական դպրոցներին և խնդրեցին մեզ գույքագրել այն դպրոցները, որոնք կիթառների անհրաժեշտություն ունեն»,- պատմեց «Իմ քայլը» հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը:
Հիմնադրամն էլ կապվեց հանրապետության բոլոր երաժշտական դպրոցների հետ և կիթառներ առաջարկեց: Դպրոցները, սակայն, ունեին նաև լարային, փողային, հարվածային, ստեղնաշարային գործիքների անհրաժեշտություն:
«Դրա շրջանակում փնտրեցինք և գտանք մարդկանց, որոնք պատրաստակամություն հայտնեցին հիմնադրամին նվիրաբերել երաժշտական գործիքներ: Այդպես էլ սկսվեց մեր այս ծրագիրը»,- նշեց Դավիթ Մկրտչյանը:
«Իմ քայլը» հիմնադրամն առաջիկայում կմեկնարկի հանրապետության երաժշտական դպրոցների ու խմբերի արդեն իսկ ցուցակագրված երաժշտական գործիքների տրամադրման գործընթացը: