«Իմ քայլը» հիմնադրամը շարունակում է խթանել բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ուղղությունները Հայաստանի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այս անգամ Արագածոտնի մարզի 4 բնակավայրի դպրոցներ (Աշտարակի Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց, Օշականի Փ․ Բաբկենյանի անվան հիմնական դպրոց, Շամիրամի Ուսուբ բեկի անվան հիմնական դպրոց, Վարդաբլուրի Խ․ Աբովյանի անվան միջնական դպրոց) ստացել են ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր սարքավորումներ։
Մի շարք ուսումնական հաստատություններ տասնամյակներ զրկված են եղել բնագիտական առարկաները լաբորատոր պայմաններում անցկացնելու հնարավորությունից։ «Իմ քայլը» հիմնադրամի այս նախաձեռնությունն ուղղված է այդ բացը լրացնելուն և տեսականից զատ դասապրոցեսը գործնական պարապմունքներով կազմկերպելուն։
«Լաբորատոր այս սարքերը, հավաքածուները կնպաստեն, որ երեխաները կարողանան լիարժեք սովորել քիմիա ու ֆիզիկա առարկաները ու դրանք ամբողջությամբ սերտել», – ասաց Օշականի հիմնական դպրոցի տնօրեն Սարգիս Հովնանյանը։
Ամենահասարակ կոլբաներից մինչև աստղադիտակներ ու փորձերի համար նախատեսված սարքավորումներ․ բաշխումը 4 դպրոցների միջև հավասարապես է արվել։ Առաջիկայում դպրոցներում լաբորատորիաների հիմնման համար կտրամադրվեն առանձին դասասենյակներ։
«Լաբորատորիայի առկայության պարագայում քիմիայի և ֆիզիկայի դասերը աշակերտների համար ավելի հետաքրքիր կանցնեն ու ավելի ցանկալի կլինեն։ Ուսուցիչներն էլ արդեն ստիպված չեն լինի որևէ փորձ իրականացնելու համար տնային տարբեր պարագաներ օգտագործել», – նշեց Աշտարակի Վարգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի տնօրեն Տարթևիկ Սարգսյանը։
Առաջիկայում «Իմ քայլը» հիմնադրամը նման հավաքածուներ կտրամադրի նաև Արմավիրի մարզի 3 դպրոցների, ԵՊՀ STEM դպրոցին և Վ․ Սարգսյանի անվան ռազմական ակադեմիային։