Ապրիլի 14-ին կայացել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքը, որի հասույթն ուղղվելու է ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարներին:
Ընթրիքին մասնակցել է 42 կայացած կին գործարար, ինչ էլ նշանակում է՝ 42 սկսնակ կին գործարար առաջիկայում կստանա 1-ական մլն դրամ ֆինանսական աջակցություն բիզնեսը զարգացնելու համար։
«Արդյունքը գոհացնող է, մենք ակնկալում էինք 40-50 մասնակից, ունեցանք 42-ը, որը համարում ենք լավ ցուցանիշ, հաշվի առնելով, որ սա նմանատիպ առաջին միջոցառումն էր», – նշել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը։
Միջոցառումն անցկացվել է «ԱրմԱս» գինու գործարանում: Գործարանի տնօրեն Վիկտորիա Ասլանյանի ուղեկցությամբ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը և երեկոյի հյուրերը շրջայց են կատարել գործարանի տարածքում և ծանոթացել գինու արտադրության ողջ գործընթացին:
Շրջայցից հետո հյուրերը մասնակցել են ցուցահանդես-վաճառքի, որտեղ 9 սկսնակ կին գործարարներ ներկայացրել են իրենց արտադրանքը։
Բարեգործական երեկոյի բացման խոսքում «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել կին գործարարներին՝ հիմնադրամի նախաձեռնությանը արձագանքելու և միջոցառմանը մասնակցելու համար։
«Այսպիսով մենք մեր երկրում բարեգործություն անելու նոր մշակույթ ենք ձևավորում։ Բարեգործական հիմնադրամը ոչ միայն նրանց համար է, ում ուղղում ենք այդ միջոցները, այլ նաև այս դահլիճում գտնվող կանանց համար է, որոնք առօրյա վազքի մեջ կուզենային անել իրենց բարի գործը, բայց երբեմն չեն հասցնում։ Հիմնադրամի պարտքն է աշխատել երկու ուղղությամբ էլ՝ աջակցությունը ստացողների էլ, տրամադրողների էլ: 1 մլն-ը մեծ գումար է, և մենք գիտենք, թե դա որքան չափելի է այն մարդու համար, ում նվիրաբերում ենք այն։ Բայց կարծում եմ՝ անչափելի է այն զգացողությունը, որն ունենում է այն մարդը, որը տալիս է այդ գումարը»,- ընթրիքի մեկնարկին նշել է Աննա Հակոբյանը։
Երեկոն ուղեկցվել է ETHNO COLORS բենդի էթնիկ հայկական և ժամանակակից պարային կատարումներով, կայացած և սկսնակ կին գործարարների և միջոցառման հյուրերի ելույթներով։
5 տարի առաջ շատ փոքր գումարով իր բիզնեսն է սկսել այսօր արդեն կայացած գործարար Աստղիկ Գալստյանը, որը հիմնել է «Թեյան» ապրանքանիշը:
«Ես երբեք չեմ երազել ունենալ սեփական բիզնես կամ շրջագայել աշխարհում, հասնել ֆինանսական մեծ հաջողությունների։ Իմ երազանքը կայուն և հզոր հայրենիքում ապրելն է, այնպիսի հայրենիքում, որի արտադրանքը աշխարհում կդառնա որակի չափանիշ: Իմ բիզնեսի օրինակով ես ինքս հասկանում եմ, որ հիմա շատ դժվար է մեծ գաղափարները կյանքի կոչել միայնակ։ Այսօր այստեղ եմ այն պարզ պատճառով, որ հասկանում եմ, թե ինչ մեծ աջակցության կարիք ունեն այն կանայք, որոնք որոշել են սկսել բիզնես, այն կանայք, որոնք տեղահանվել են Արցախից, այն կանայք, որոնք ապրում են հեռավոր մարզերում», – նշել է թեյերի արտադրությամբ զբաղվող «Թեյան» ընկերության հիմնադիր Աստղիկ Գալստյանը։
Կայացած թեյագործի խոսքը շարունակել է սկսնակ թեյագործը՝ Աննա Սահակյանը։
«Ազատ ժամանակ երեխաներիս հետ սկսեցինք անտառներից հավաքել ինձ հայտնի խոտաբույսերը, չորացնել դրանք, որոնք ժամանակի ընթացքում սկսեցին փաթեթավորվել՝ դառնալով վաճառքի ենթակա թեյեր։ Այս ամենն այնքան արագ զարգացավ, որ մենք ֆիզիկապես չէինք հասցնում հավաքել անհրաժեշտ քանակի բույսեր և առաջին լուծումը, որ եկավ մտքիս, դա նոր աշխատատեղեր ստեղծելն էր, որով ես կնպաստեմ և՛ իմ համագյուղացիներին, և՛ իմ նախաձեռնած բիզնեսին», – պատմել է թեյերի արտադրությամբ զբաղվող «Աննա-թեյ» ընկերության հիմնադիր Աննա Սահակյանը։
Երեկոյի ավարտին Աննա Հակոբյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բարեգործական երեկոյի հյուրերին հիմնադրամի նախաձեռնությանն աջակցելու համար:
«Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով և շատ հպարտ եմ դրանով, որովհետև այս մշակույթն ինձ համար շատ կարևոր է։ Կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որովհետև ունենալ գաղափար մի բան է, բայց չունենալ մարդիկ, որոնք կպաշտպանեն այդ գաղափարը և քո հետ կքայլեն այդ գաղափարի շուրջ, նշանակում է ոչինչ չունենալ, որովհետև գաղափարը այդպես էլ իրականություն չի դառնա։ Այս միջոցառման նպատակը այն է, որ ձեր նման կանայք շատանան մեզանում, որովհետև ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»,- նշել է Աննա Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արդեն սկսել է ընդունել դրամաշնորհ ստանալու հայտերը։ Ապրիլի 14-ի դրությամբ ստացվել է ավելի քան 50 հայտ։ Վերջնաժամկետը ապրիլի 30-ն է։ Հիմնադրամը հիշեցնում է, որ դիտարկվելու են բացառապես այն հայտերը, որոնք ներկայացնող սկսնակ գործարարներն ունեն իրավաբանական անձի կարգավիճակ և գործունեություն են ծավալում ՀՀ մարզերում։