«Իմ քայլը» հիմնադրամի` ապրիլի 14-ին «ԱրմԱս» գինու գործարանում նախաձեռնած բարեգործական ընթրիքը հնարավորության նոր դռներ է բացում սկսնակ կին գործարարների համար:
Բիզնեսում առաջին քայլերն անողներին օգնելու են ընթրիքին մասնակցող կայացած կին գործարարները։ Կապող օղակը «Իմ քայլը» հիմնադրամն է:
Տիկնիկագործությունից մինչև թխվածքաբլիթների պատրաստում՝ ՀՀ մարզերում տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող և արդեն իսկ առաջին քայլերը կատարած կին գործարարները հնարավորություն ունեն ստանալ 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն և դրանով նպաստել իրենց արտադրության զարգացմանը։
Ի՞նչ է պետք կատարել աջակցություն ստանալու համար։
Հիմնադրամն առաջարկում է լրացնել սույն հայտը, որտեղ անհրաժեշտ է շատ հակիրճ նկարագրել, թե ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվում և ինչքանով կնպաստի 1 մլն դրամ դրամաշնորհը Ձեր բիզնեսի զարգացմանը: Ծրագրի շահառու կարող են դառնալ միայն այն սկսնակ կին գործարարները, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ:
Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30:
Հիշեցնենք, որ ապրիլի 14-ի միջոցառմանը կազմակերպվելու է նաև ՀՀ մարզերում գործունեություն ծավալող սկսնակ կին գործարարների ցուցահանդես֊վաճառք, որին մասնակցելու համար խնդրում ենք զանգահարել 044 444 761 հեռախոսահամարով կամ նամակ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին: