«Իմ քայլը» հիմնադրամը 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի շահառուների համար անցկացնում է մասնագիտական վերապատրաստման և օտար լեզվի ուսուցման դասընթացներ:
Արդեն երկու ամիս է՝ ծրագրի շահառու Հայկ Նալբանդյանը մասնակցում է Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) դասընթացին։ Սովորում է, թե ինչպես կարելի է ստեղծել բիզնես էջեր, ճիշտ հրապարակումներ կատարել և ընտրել թիրախային խմբեր։
«Այս գործիքներին տիրապետելն օգնում է հասկանալ, թե ինչպես կարելի է բիզնես էջերում կատարված հրապարակումներն ավելի արդյունավետ դարձնել, հաճախորդներ ավելացնել», – պատմեց Հայկը։
Հայկը չրագործությամբ է զբաղվում: Այս գիտելիքը նախ որոշել է կիրառել իր բիզնեսի համար, հետագայում պատրաստ է նաև աշխատել որպես SMM մասնագետ և վարել այլ սոցիալական էջեր։
«Վերապատրաստող մասնագետը գործնական առաջադրանքներ է տալիս՝ պատրաստել հրապարակումներ, վիզուալներ: Դասընթացը տևում է 1 ժամ, հանդիպում ենք շաբաթը երկու օր: Մինչև հիմա շատ օգտակար է եղել դասընթացը, մինչ այդ շատ բան չգիտեի ոլորտի վերաբերյալ։ Նպատակ ունեմ հետագայում ավելի ամրապնդել գիտելիքս թե՛ իմ սեփական էջը, թե՛ այլ բիզնես էջեր վարելու համար», – ասաց նա։
Պատերազմի մասնակիցների համար դասընթացները կազմակերպվում են հետևյալ ուղղություններով՝ Միջոցառումների կառավարում, Հաշվապահություն 0-ից, Վարսավիրություն, Ավտովարման դասընթաց, Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM), Օտար լեզուներ (անգլերեն, ռուսերեն), Ծրագրավորում, 3D մոդելավորում։
Ընդհանուր առմամբ, դասընթացներին մասնակցում է ծրագրի 18 շահառու Արմավիրի և Լոռու մարզերից։