
ԱՄՆ Միսիսիպի նահանգի Ջեքսոնի պետական համալսարանի դասախոս Լյուդվիգ Պետրոսյանը դասավանդում է «Քվանտա» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում: Հրավիրյալ դասախոսի գիտական հետաքրքրությունների ոլորտն է քվանտային ֆիզիկայի ժամանակակից կիրառությունները տարբեր նյութերում:
«Լինելով արտերկրում աշխատող հայ ֆիզիկոս՝ վաղուց ունեի ցանկություն ինչ-որ ձևով օգտակար լինելու Հայաստանում ֆիզիկայի կրթության ոլորտում, կարևոր չէ՝ դպրոցական, թե բուհական: Երբ ստացա այս առաջարկը ծրագրի գիտական խորհրդատուի կողմից, մեծ ուրախությամբ անմիջապես ընդունեցի», – պատմեց Պետրոսյանը:
Լյուդվիգ Պետրոսյանը դասավանդում է «Պլազմոնիկա» առարկան, որը նանոֆոտոնիկայի ճյուղերից մեկն է: Թե ինչ է այն նշանակում, դասախոսը պարզաբանում է.
«Սարքաշինության տեխնոլոգիաների մեջ երկու կարևոր հանգամանք կա. նախ, պետք է սարքերի չափերը փոքր լինեն, որ արդյունավետ և քիչ ծախսատար լինեն, բայց, միևնույն ժամանակ, մեզ անհրաժեշտ է, որ նրանց աշխատանքի արագությունը մեծ լինի: Պլազմոնիկան փորձել է ներառել երկու ուղղությունների՝ էլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի, լավագույն կողմերը և լուծել չափի և արագության հետ կապված խնդիրները: Այս նոր ուղղության մեջ և՛ չափերն են փոքր, և՛ արագությունն է մեծ: Այսպիսով՝ ենթադրվում է, որ ապագա սարքաշինության հիմքում կլինեն պլազմոնները, ոչ թե էլեկտրոնները կամ ֆոտոնները», – ասաց նա:
Դասախոսը դասական մեթոդներով է անցկացնում դասընթացները: Սկզբում ուսանողներին բացատրում է նյութը, հետո անցնում են քննարկումներին և հարցուպատասխանին: Նրա խոսքով՝ հիմնականում փորձում են տեսական նյութերն ընկալել լիարժեքորեն, դիտել տեսանյութեր, հաշվարկներ անել և հարցերի միջոցով պարզեցնել դժվարամատչելի թեմաները:
«Այս ծրագրի շրջանակում տարբեր բուհերից հավաքված ուսանողները՝ ֆիզիկայի կամ ինժեներական ֆակուլտետներից, կարճ ժամանակում խտացված ձևով ստանում են բազմաշերտ գիտելիքներ: Սա նրանց լայն հնարավորություն է տալis ընտրելու, թե ինչով են զբաղվելու հետագա իրենց գիտական կամ մասնագիտական գործունեություն մեջ», – նշեց հրավիրյալ դասախոսը:
Ծանոթանալով «Քվանտա» ծրագրի շրջանակում դասավանդվող առարկաների ցանկին և բովանդակությանը՝ Լյուդվիգ Պետրոսյանը կարծում է, որ ծրագրի առավելություններից մեկն այն է, որ դասավանդվում են քվանտային ֆիզիկայի և կիրառությունների ոլորտի ժամանակակից ուղղություններ: