Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի շրջանակում անցկացվել են բիզնես դասընթացներ Արմավիրի և Լոռու մարզերում: Նպատակն էր ծրագրի շահառուներին սովորեցնել բիզնես հիմնելու և այն կառավարելու հմտություններ:
Էջմիածին քաղաքում անցկացված դասընթացի մասնակիցներից Հայկ Նալբանդյանի բիզնես պլանն արդեն պատրաստ է: Որոշել է չրագործությամբ զբաղվել: Մինչև դասընթացներին մասնակցելն արդեն սկսել էր չրերի պատրաստումը, բայց թե ինչպես պետք է կառավարեր բիզնեսը և հետագայում ինչ ներդրումներ աներ, հստակ չգիտեր.
«Բիզնես դասընթացներն ինձ օգնեցին ավելի հստակ պատկերացնելու, թե ինչպես պետք է ներդրում անեմ, ինչ պայմաններում պատրաստեմ չիրը և ինչպես վաճառեմ: Այսպես ասած՝ իմ քայլերն ավելի հստակ դարձան», – պատմեց Հայկը՝ հավելելով, որ ապագայում պատրաստվում է ընդլայնել չրի տեսականին և քանակը, ինչպես նաև սեփական խանութ ունենալ, որտեղ կվաճառի իր արտադրած չիրը:
Դասընթացի մեկ այլ մասնակից Ստեփան Աբալյանը մեղվաբուծությամբ է զբաղվում: Բիզնեսը սկսել է այն ժամանակ, երբ ծառայակից ընկերը մեղվի փեթակ է նվիրել նրան: Այսպիսով՝ Ստեփանի համար մեղվաբուծությունն աշխատելու ներուժը վերագտնելու միջոց դարձավ:
«Այս դասընթացների շնորհիվ հասկացա, թե ինչպես պետք է շարունակեմ աշխատանքս: Հիմա նպատակ ունեմ մեծացնելու մեղվաընտանիքների քանակը և զարգացնելու բիզնեսս», – ասաց Ստեփան Աբալյանը:
Դասընթացավար Մհեր Դավոյանի խոսքով՝ բիզնես ծրագրերը բազմաոլորտ են. անասնապահությունից մինչև կահույքագործություն: Այս ընթացքում փորձել են ավելի պարզեցնել թեմաները և տղաների բիզնես գաղափարները:
«Տղաները մեծ պոտենցիալ ունեն բիզնես սկսելու: Դասընթացների ժամանակ հիմնականում կարևոր եմ համարել նրանց հասցնել այն մակարդակին, որ, անկախ նրանից, նրանք կզբաղվեն գյուղատնտեսությամբ, թե այլ բիզնեսով, կարողանան ճիշտ տնօրինել իրենց բիզնեսը, ֆինանսները և ճիշտ աշխատեն շուկայի, հաճախորդի հետ», – նշեց նա:
Արմավիր քաղաքում դասընթացավար Հրաչյա Հարությունյանն էլ մասնակիցների հետ քննարկել է բիզնես գաղափարների զարգացման մեթոդները և մշակել իրականացման տարբերակները:
«Սկզբում քննարկում էինք ընդհանուր բիզնեսի նշանակությունը և դրա բաղադրիչները, նաև, թե ինչ է շուկան, մարքեթինգը, այսինքն՝ դասընթացներն ավելի տեսական ձևաչափի էին: Դրանից հետո արդեն բիզնես պլանի ձևաչափին ծանոթացանք, որով էլ հենց ներկայացվել են նրանց գաղափարները», – ասաց Հարությունյանը:
Այս դասընթացի շնորհիվ Կարո Համբարձումյանն ավելի արդյունավետ տարբերակ է գտել իր բիզնեսի իրականացման համար: Նա որոշել է զբաղվել անփուշ մոշի մշակմամբ:
«Ես որոշել էի մոշը ծածկել արևապաշտպան շերտով՝ բերքը բարելավելու համար, հետո դասընթացի շրջանակում հասկացա, որ ավելի լավ տարբերակ կա՝ ջերմատան կառուցումը: Խորացա այդ ուղղությամբ և հասկացա, որ 120-130 օր տարեկան բերքատվությունը կարող եմ երկարաձգել 50-60 օրով, ինչը հնարավորություն կտա բերքն ավելի բարձր գնով վաճառքել», – պատմեց նա:
Դասընթացների ավարտից հետո «Իմ քայլը» հիմնադրամի ներկայացուցիչներն այցելել են Արմավիրի և Լոռու մարզեր, ծանոթացել մասնակիցների բիզնես պլաններին, քննարկել դրանց իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: