
Ֆրանսիայի Բուրգունդիա Ֆրանշ-Կոմտե համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Կլոդ Լերուան դասավանդում է “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում: Պրոֆեսորի դասախոսության թեման է «Դիրակի հավասարման կիրառումը ատոմային ֆիզիկայում»:
«Մենք ուսումնասիրում ենք ալկալիների գոլորշացումը նանոբջիջներում: Վերջիններս գոյություն ունեն միայն Հայաստանում: Դրանք բավականին յուրահատուկ և ֆանտաստիկ նյութեր են, որոնց արտադրությամբ վերացվում է Դոպլերի էֆեկտը, ինչը ֆիզիկոսների ամենամեծ թշնամին է, առնվազն՝ ատոմային ֆիզիկայում», – ասաց Կլոդ Լերուան:
Պրոֆեսորը դասախոսության մեծ մասը նվիրել է տեսական նյութերին: Միևնույն ժամանակ ընդգծում է՝ ուսանողներին ոչ թե սահմանումներ է ներկայացնում Դիրակի հավասարման մասին, այլ բացատրում է, թե ինչպես է այն ստեղծվել և կիրառվել:
«Ուսանողները շատ են ոգևորվում, երբ հասկանում են ֆիզիկայում տարօրինակ հասկացությունները: Այսպիսով, նրանք բացահայտում են այս բարդ և տարօրինակ երևույթները և դրանք հետզհետե դառնում են դյուրըմբռնելի նրանց համար», – ասաց նա:
Հրավիրյալ դասախոսն ուսանողներին ծանոթացնում է նաև միջազգային համաժողովների համար պատրաստած իր նյութերին, որոնք հստակ օրինակներ են պարունակում իրական ֆիզիկայի փորձարկումների և Դիրակի հավասարման կիրառման մասին:
«Այս նյութերի հիման վրա մենք համեմատում ենք տեսությունը փորձարկումների հետ, որովհետև, վստահ եմ, փորձը միշտ ամենալավ վարպետն է», – ասաց դասախոսը:
Ֆիզիկոսը միջազգային ուսանողների հետ աշխատելու և նմանատիպ ծրագրերում դասախոսելու տարիների փորձ ունի: Այս ընթացքում որոշ համեմատություններ է հասցրել կատարել “Quanta”-ի և նման այլ ծրագրերի միջև.
«Այստեղ ես դասախոսում եմ այնպես, ինչպես սովոր եմ դասավանդել իմ համալսարանի մագիստրոսական ծրագրերում: Միայն թե, այս ծրագրում առավելությունն այն է, որ ուսանողները կրթաթոշակ ունեն, ինչը, կարծում եմ, հավելյալ մոտիվացիա է նրանց համար ավելի պատասխանատու մոտենալու իրենց կրթությանը և դասերին հաճախելիությանը», – նշեց նա:
Կլոդ Լերուան “Quanta” մագիստրոսական ծրագրի իրականացումը շատ կարևոր է համարում Հայաստանի համար՝ ընդգծելով ոլորտում ապագա մասնագետների ներուժը բացահայտելու անհրաժեշտությունը: