“Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի ուսանող Աննա Մելքոնյանը սկսել է հետաքրքրվել քվանտային ֆիզիկայով հենց ծրագրի շնորհիվ։ Մասնակցել է ծրագրի շրջանակում կազմակերպված ամառային դպրոցին և որոշել՝ կրթությունը պետք է շարունակի այս ոլորտում։
«Շատ հետաքրքիր են ծրագրի շրջանակում դասավանդվող առարկաները։ Մասնավորապես, «Քվանտային մեխանիկան», «Քվանտային նանոկառուցվածքները» և «Քվանտային ինֆորմատիկան»։ Իհարկե, դրանք նաև բարդ են, բայց առարկաների բարդ լինելը հետաքրքրություն է առաջացնում ավելի խորը ուսումնասիրության համար», – ասաց ուսանողը։
Աննան Հայ-ռուսական համալսարանի «Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և կապի համակարգեր» բաժնի շրջանավարտ է։ Բակալավրի կրթությունը ևս հիմք է հանդիսացել իր ապագան գիտական ոլորտում պատկերացնելու հարցում։
«Պատասխանատու է դարձնում այն, որ գիտակցում ես, որ ձեռք բերած գիտելիքներով ապագայում կկարողանաս հենց մասնագիտական ոլորտում աշխատանք գտնել, մնալ քո հայրենիքում։ Ես ուզում եմ մնալ իմ երկրում, ապագաս Հայաստանից դուրս չեմ պատկերացնում», – նշեց Աննա Մելքոնյանը։
Տեսականը գործնականին համադրելով՝ ուսանողները քվանտային ֆիզիկայի բարդ թեորեմները փորձում են հասկանալ ինտերակտիվ միջավայրում և հարցուպատասխանի ձևաչափով։ Աննան պատմեց, որ հիմա մագիստրոսական թեզ պատրաստելու փուլում են։ Հույս ունեն հետագայում նաև գիտական հոդվածներ գրել և մասնակից դառնալ ոլորտի հետազոտական աշխատանքներին։
Click here to change this text