
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և ՀՌՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը ստորագրել են համագործակցության հուշագիր: Նպատակն է միավորել ջանքերը գիտակրթական ոլորտում, ինչը ենթադրում է համատեղ ծրագրերի մշակում և իրականացում, ինչպես նաև նոր լաբորատորիայի բացում համալսարանին կից գործող «Ուսմունք» դպրոցում։
«Մենք ուշադրության տակ ենք վերցրել համալսարանի ներքո գործող դուստր կառույցի՝ «Ուսմունք» դպրոցի կարիքները մեր հնարավորությունների շրջանակում հոգալու հարցը: Մասնավորապես, հարցը վերաբերում է բնագիտական առարկաների գծով ժամանակակից լաբորատոր սարքավորումներին», – նշեց Մխիթար Հայրապետյանը:
Մխիթար Հայրապետյանը հավելեց, որ ամիսներ շարունակ հիմնադրամը ստանձնել է ինչպես ՀՀ մարզերի հանրակրթական և կրթական հաստատությունները, այնպես էլ բուհերի ներքո գործող կամ դրանց դուստր կառույց համարվող հանրակրթական հաստատությունները լաբորատոր սարքավորումներով հագեցնելու առաքելությունը:
«Առավել քան վստահ եմ, որ «Իմ քայլը» հիմնադրամի և Հայ-ռուսական համալսարանի միջև ձևավորված համագործակցությունը ևս մեկ ապացույց է այն մասին, որ երկու կառույցները դեռ երկար ճանապարհ ունեն միասին անցնելու», – ասաց Հայրապետյանը:
Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը շնորհակալություն հայտնեց «Իմ քայլը» հիմնադրամին աջակցության համար և ընդգծեց ուսանողների տեսական գիտելիքները գործնականում ամրապնդելու հնարավորության անհրաժեշտությունը։
«Եթե մենք մեր առջև խնդիր ենք դնում Հայաստանի բոլոր ուսումնական հաստատությունները լաբորատոր գործիքներով լիարժեք զինելու, դա բավականին մեծ խնդիր է։ Իհարկե, մենք պետք է ձգտենք դրան, բայց պետք է նաև հասկանանք, որ դժվարությունները ֆինանսական բնույթ են կրում», – ասաց Սանդոյանը։
Էդվարդ Սանդոյանը նաև կարևոր համարեց քվանտային ֆիզիկայի ոլորտում երկու կառույցների համագործակցությունը և համալսարանի մասնագետների և ուսանողների ներգրավվածությունը հիմնադրամի կողմից իրականացվող “Quanta” մագիստրոսական ծրագրում:
«Ունենք ուսանողներ և շրջանավարտներ, ովքեր ընդգրկված են այս ծրագրում։ Ես կարծում եմ, որ հենց այս հարթության մեջ է ընկած մեր պետության զարգացման ուղիներից մեկը», – ընդգծեց ռեկտորը։
Հանդիպման ավարտին Հայ-ռուսական համալսարանի ռեկտորը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենը պատրաստակամություն հայտնեցին շարունակելու հետագա գործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում՝ ներգրավվելով ժամանակակից միջազգային փորձը և գիտելիքները: