«Իմ Քայլը» հիմնադրամը, կարևորելով ՀՀ-ում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (STEM) ուղղությունների զարգացումը, դրա առաջնային նախապայմաններից է համարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում և հանրակրթական դպրոցներում լաբորատոր սարքավորումներով հագեցվածությունը, որը թույլ կտա սովորողներին ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքներով:
Ամրապնդելով համագործակցությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ՝ «Իմ Քայլը» հիմնադրամը ֆիզիկայի և քիմիայի լաբորատոր հավաքածուներ և սարքավորումներ է նվիրաբերել ՀԱԱՀ-ին և Սիսիանի մասնաճյուղին:
Նոյեմբերի 17-ին՝ ուսանողի միջազգային օրը, ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղում հանդիսավորությամբ բացվեց ֆիզիկայի լաբորատորիան: Բացման արարողությանը ներկա էր Սիսիան խոշորացված համայնքի ղեկավար Արմեն Հակոբջանյանը: Ուսանողներն այդ օրն իրականացրին նաև առաջին ցուցադրական փորձերը:
«Բնագիտական առարկաների լաբորատորիաների գույքի վերազինումը մասնաճյուղի առաջնահերթ խնդիրներից էր, որն այսօր կարելի է համարել լուծված «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից նվիրաբերված լաբորատոր հավաքածուների և սարքավորումների շնորհիվ: Համոզված եմ, որ այսուհետ ինչպես ֆիզիկայի, այնպես էլ հարակից առարկաների, մոդուլների գործնական պարապմունքները էլ ավելի արդյունավետ կկազմակերպվեն», – նշեց ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի ուսումնական մասի վարիչ Մերի Յոլյանը:
Հիշեցնենք նաև, որ «Իմ Քայլը» հիմնադրամը և Հայաստանի ազգային ագրարային համալսարանը համատեղ Սյունիքի մարզում իրականացնում են «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը՝ «Ագրոտեխնոլոգիա» բաղադրիչով: