
Հայ-ռուսական համալսարանի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը “Quanta” ծրագրի շրջանակում դասավանդում է «Քվանտային նանոկառուցվածքներ» առարկան։ Առաջին օրերից ծրագրի ստեղծմանը մասնակցելուց հետո Ֆիզիկոսը մեծ ցանկություն է ունեցել ներգրավվելու նաև դասավանդման պրոցեսին՝ որպես նանոկառուցվածքների ոլորտում ակտիվ գիտնական։
«Առարկան թույլ է տալիս հասկանալ կիսահաղորդչային նանոկառուցվածքների տեսակները և թե ինչ ոլորտումներում ունեն կիրառություններ։ Վերջին տարիներին դրանք հետազոտվում են որպես օբյեկտներ qubic-ներ ստանալու համար, որոնք քվանտային համակարգչի հիմքն են։ Ուսանողների հետ ուսումնասիրում ենք ընդհանուր հատկությունները, որպեսզի հետագայում կարողանան շարունակել այս ոլորտում հետազոտությունները», – ասաց դասախոսը։
Դավիթ Հայրապետյանը նկատեց, որ “Quanta” ծրագրի առավելություններից մեկն այն է, որ օգտագործվում է ոչ միայն Հայաստանում եղած ռեսուրսը, այլ նաև օտարեկրացի մասնագետներ են հրավիրվում։ Ըստ նրա՝ այս մոտեցումն ուժեղացնում է ուսանողների մտահորիզոնը և նպաստում մասնագիտության լիարժեք յուրացմանը, ինչն էլ, իր հերթին, խթանելու է Հայաստանում ոլորտի զարգացումը։
«Սա ուղիներից մեկն է՝ պատրաստել մասնագետներ, որոնք հետագայում ներդրում կունենան մեր տնտեսության մեջ, կստեղծեն նաև իրենց ընկերությունները», – նշեց նա։
Ֆիզիկոսի խոսքով՝ աշխարհն ապրում է քվանտային երկրորդ հեղաշրջումը և քվանտային ֆիզիկայի ուղղությունը գերակտուալ է ներկայումս։ Սա հաշվի առնելով՝ զարգացած երկրները մեծ գումարներ են ներդնում քվանտային տեխնոլոգիաների ոլորտում։
«Այս ծրագրով Հայաստանը ևս իր ներդրումն է ունենում ոլորտում։ Շատ կարևոր է, որ Հայաստանում էլ լինի այդ հասանելիությունը քվանտային տեխնոլոգիաների նկատմամբ։ Հատկապես ՏՏ զարգացվածությունը ցույց է տալիս, որ Հայաստանը կարող է ինչ-որ բան անել քվանտային տեխնոլոգիաների ոլորտում։ Պետք է սահմանել այդ նշաձողը և հասնել դրան», – ընդգծեց Դավիթ Հայրապետյանը։
Դավիթ Հայրապետյանի կարծիքով՝ “Quanta” ծրագրի շրջանակում սովորող ուսանողները հստակ գիտեն, թե ինչ ճանապարհ են անցնելու և մեծ մասը նպատակ ունեն մնալ գիտության ոլորտում։ Բացի այդ, ուսանողների հետ շփումը չի սահմանափակվում դասախոսություն կարդալով, քննարկում են նաև, թե ինչ հնարավորություններ կան աշխարհում, որոնք կկարողանան օգտագործել ապագայում՝ արդեն մասնագետ դառնալուց հետո։