Հայ-ռուսական համալսարանի «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետի շրջանավարտ Վազգեն Սաֆարյանը կրթությունը շարունակում է “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի շրջանակում։
«Տեղյակ լինելով, որ քվանտային ֆիզիկան գիտական արդի ուղղություն է, որոշեցի այդ կրթական պրոցեսից անմասն չմնալ։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրս պետք է անենք ամեն ինչ հայրենիքի զարգացման համար, այդ թվում՝ մեր ներդրումը պետք է ունենանք գիտության զարգացման մեջ», – ասաց Վազգենը։
Վազգենը կրթությունը համատեղում է աշխատանքի հետ։ Այս առումով կարծում է, որ “Quanta” ծրագիրն արդյունավետ և ճկուն ձևաչափ ունի. դասաժամերն այնպես են կազմված, որ հնարավորություն ունի և՛ աշխատելու, և՛ որակյալ կրթություն ստանալու։
«Աշխատում եմ դեղագիտական ոլորտում, հիմնականում տվյալների ստուգումներ եմ իրականացնում նոր դեղերից ստացված տվյալներով։ Հուսով եմ՝ ապագայում քվանտային ֆիզիկայի որոշ տեսություններ Հայաստանում կկիրառվեն նաև դեղագործության մեջ, և Հայաստանը կկարողանա դառնալ առաջատար երկրներից մեկը», – նշեց նա։
Ուսանողի կարծիքով՝ Հայաստանում մեծ պոտենցիալ կա քվանտային ֆիզիկայի ոլորտի զարգացման համար և ծրագրի շրջանակում մարդկային ներուժի բացահայտման շնորհիվ կարելի է ապահովել այդ զարգացումը.
«Նախ և առաջ այս ծրագիրը տվել է այն հստակ պատասխանը, թե ինչ է քվանտային ֆիզիկան։ Երբ հասկանում ես դա, ճիշտ ես ձևակերպում խնդիրները։ Մոտիվացնող է, որ ծրագրի շրջանակում նաև դասավանդելու են տարբեր երկրներից հրավիրված դասախոսները և, որ լավագույն ուսանողներին հնարավորություն է տրվելու մասնակցել գիտական աշխատանքների», – ասաց ուսանողը։
Վազգեն Սաֆարյանն ընդգծում է՝ ապագան հայրենիքում է պատկերացնում և ստացած գիտելիքը ներդնելու է Հայաստանի զարգացման գործում։