«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանն այսօր այցելել է Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց, որտեղ «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում կառուցվել է ջերմոց-ջերմատուն՝ «Իմ քայլը» և Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամների համատեղ ջանքերով:
Դպրոցի տնօրեն Զոհրաբ Մաղաքյանի ուղեկցությամբ Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել դպրոցի տարածքում, ծանոթացել ջերմատանը կատարված աշխատանքներին, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող այգու, չորանոցի պայմաններին և այնտեղ պահվող պատրաստի արտադրանքին:
Ջերմոցի առկայությունը աշակերտներին հնարավորություն կտա զարգացնելու իրենց գյուղատնտեսական գիտելիքները, միևնույն ժամանակ, դպրոցը հավելյալ եկամտի աղբյուր կունենա, ինչը կթեթևացնի թե՛ կրթական, թե՛ սոցիալական խնդիրները՝ նպաստելով դասագրքերի, դպրոցական հագուստի, սննդի և այլ անհրաժեշտ պարագաների ապահովմանը:
Այցի ընթացքում քննարկվել են նաև կրթության ոլորտում ագրոտնտեսությանն առնչվող մի շարք հարցեր: Ընդգծվել է կրթության, տնտեսության և աշխատաշուկայի միջև կապի ձևավորման և այդ համատեքստում աշակերտների ներգրավվածության անհրաժեշտությունը:
Հանդիպման վերջում Մխիթար Հայրապետյանը նշել է, որ այս նախագծի իրականացումը սկիզբ է դնում նոր համագործակցության՝ Մոնակոյի «Երեխաներ և ապագա» հիմնադրամի և «Իմ քայլը» հիմնադրամի միջև՝ հույս հայտնելով, որ այս ձևաչափով հիմնադրամների համատեղ աշխատանքը շարունակական կլինի՝ մյուս մարզերի դպրոցներում ևս այսպիսի նախաձեռնություններ կյանքի կոչելու համար: