«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Գորիս և Սիսիան համայնքների 9-ը դպրոցներում իրականացվող «Ագրոտեխնոլոգիա» դասընթացի շրջանակում սկսվել են գործնական պարապմունքները:
Հոկտեմբերի 13-ին Գորիսի համար 1 և 4 ավագ դպրոցների խմբակի աշակերտների համար «Մշակաբույսերի միջշարային մշակություն» թեմայի ամփոփումը կազմակերպվեց Սիսիանի «Սերմարտադրողների միություն» ՍՊԸ-ում, որտեղ ընկերության տնօրեն Գագիկ Խաչատրյանը սովորողներին ներկայացրեց միջշարային մշակության նշանակությունը ու կատարման տեխնոլոգիաները, մեքենաների տեսակները, կառուցվածքային առանձնահատկությունները, որից հետո շրջայց կազմակերպվեց տնտեսությունում:
Աշակերտերին ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փոխտնօրեն Մերի Յոլյանը ներկայացրեց որոշ մշակաբույսերի սորտային առանձնահատկությունները, իսկ Գագիկ Խաչատրյանը ցուցադրեց իր ստեղծած հացահատիկային մշակաբույսերի 16 սորտերը և դրանց անվանակոչման պատմությունները:
Շրջայցի ընթացքում աշակերտները եղան պահեստներում, ծանոթացան տարածաշրջանում կիրառվող մշակաբույսերի սերմերին, կիրառվող մեքենաների որոշ տեսակներին:
Վերջում աշակերտները ներկայացրին թեմայի շրջանակում իրենց կողմից իրականացված նախագծային աշխատանքները և սերմերի ծլեցման փորձի արդյունքները: