Կանադայի Լավալի համալսարանի պրոֆեսոր, ֆիզիկոս Տիգրան Գալստյանը “Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի շրջանակում դասախոսում է «Ֆոտոնիկա» առարկան, որը ներառում է օպտիկա և օպտիկական տեխնոլոգիաներ թեմաները։
«Դասախոսության մի մասը ակադեմիական թեմաներ են, բայց նաև շատ կարևոր մաս կա՝ կիրառական ասպեկտները, թե ինչպես են կիրառվում օպտիկական տեխնոլոգիաները, ինչպես են գիտական հայտնագործությունները վերածվում նորարարությունների և ինչպես են դրանք դառնում ապրանքներ», – մանրամասնեց պրոֆեսորը։
Տիգրան Գալստյանը առաջին անգամ է դասախոսում Հայաստանում։ Առաջարկը ստանալուն պես հաճույքով ընդունել է։
«Ես միշտ հետաքրքրված եմ եղել հայ երիտասարդների հետ շփվելով, տեսնելով, թե ինչպես են փոխվել՝ համեմատած մեր ժամանակների հետ», – ասաց նա։
Ֆիզիկոսը կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում։ Այնուհետև տեղափոխվել է Մոսկվա, որտեղ պաշտպանել է դիսերտացիան՝ «Քվանտային էլեկտրոնիկա» թեմայով։ Ներկայումս Կանադայի Քվեբեկ քաղաքի ինժեներների միության անդամ է։ Դասախոսություններ է կարդում «Ինժեներական ֆիզիկա» թեմայով։ Դրան զուգահեռ գիտական լաբորատորիաներ ունի Լավալի համալսարանում։
«Լաբորատորիաներից մեկում զբաղվում ենք գիտությամբ, մյուսում՝ նյութերի ուսումնասիրությամբ։ Հիմնականում աշխատում ենք օպտիկական նյութերի և կոմպոնենտների, սարքերի վրա, տեսախցիկներ ենք պատրաստում։ Դրանք հաճախակի կիրառվում են բժշկական և կենսաբանական ոլորտներում՝ ուղեղի հետազոտոթյուն և այլն», – ասաց դասախոսը։
Տիգրան Գալստյանն աշխատում է և՛ դասավանդման և՛ գիտական հետազոտությունների գծով, մասնավորապես՝ տեխնոլոգիական փոխակերպման, երբ ակադեմիական գիտելիքները վերածվում են նորարարությունների և անցնում կիրառական մակարդակի։ Տարբեր երկրներում փորձառություն ձեռք բերած մասնագետը կարծում է՝ Հայաստանում ոլորտի զարգացման մեծ պոտենցիալ կա և հնարավորության սահմաններում պետք է մյուս երկրների փորձը հասցնել Հայաստան.
«Նույնիսկ “Quanta”-ի նման նախաձեռնությունները լավ միտք են։ Հնարավորության սահմաններում պետք է օգտվել այդ փորձից։ Արդյունավետ կլինի նաև համախմբել ոլորտի մասնագետներին և քննարկումներով գտնել պետության համար ստրատեգիական ուղղությունները», – հավելեց պրոֆեսորը։
“Quanta” մագիստրոսական ծրագրի շրջանակում դասախոսելու ընթացքում Տիգրան Գալստյանը փորձում է հստակ օրինակներով շարժել ուսանողների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:
«Դասն այնպես եմ կազմակերպում, որ ամեն անգամ, երբ խոսում եմ ինչ-որ ակադեմիական ֆունդամենտալ սկզբունքի մասին, փորձում եմ ուղիղ գծով այն կապել ինչ-որ նորարարության հետ, թե հետո ինչպես կարելի է այդ նորարարությունը դարձնել ապրանք և վաճառել։ Երբ տալիս եմ նրանց այդ օրինակները, ուսանողների համար ավելի գրավիչ է դառնում թեման», – պատմեց դասախոսը։
Ինչպե՞ս հաջողության հասնել ոլորտում. հարցին ի պատասխան՝ ֆիզիկոսը նշում է. «Նախ պետք է սիրել այն, ինչ անում եք։ Դա ամենակարևոր պայմաններից մեկն է։ Եվ երկրորդը՝ նվիրվել։ Որոշակի զոհաբերություն է պահանջվում, բայց երբ սիրում եք, այդ զոհաբերությունը զգալի չի լինում։ Սիրելու համար պետք է նաև ճանաչել այդ բնագավառը, գոնե մի քիչ ջանք թափել և, եթե որոշեցիք, որ դա ձեզ համար է, հաջորդ քայլը համառ և նպատակասլաց աշխատելն է»: