2023 թվականի սեպտեմբերից մեկնարկել է «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի երկրորդ փուլը: Ծրագրի շահառու են ընտրվել Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքերի 9-ը դպրոցներ(Բռնակոթի մ/դ, Անգեղակոթի մ/դ, Շաքիի մ/դ, Շաղաթի մ/դ, Շամբի մ/դ, Լորի մ/դ, Սիսիանի ավագ դպրոց, Գորիսի հմր 1 և 4 ավագ դպրոցներ): Սյունիքի մարզում դուալ կրթական այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ մշակված «Ագրոտեխնոլոգիաներ» բաղադրիչով խմբային ուսուցման մեթոդով:
Ծրագրի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում 2023 թվականի հուլիսի 24-ից օգոստոսի 1-ը նշված բնակավայրերի 135 սովորողների համար կազմակերպվել է կրթական բաղադրիչով ամառային ճամբար, որի նպատակն էր սովորողներին ծանոթացնել գյուղատնտեսության արդի մարտահրավերներին, այդ ոլորտում նորագույն և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման արդյունավետությանը:
«Ծանոթացել ենք ագրարային տնտեսությանը, խելացի անասնապահությանը, ինտենսիվ այգեգործության մասին նոր բաներ ենք իմացել: Իրականում դրանք ինձ շատ հետաքրքիր էին», – ասում է Անգեղակոթի դպրոցի աշակերտ Նարեկ Բաղիկյանը:
Ճամբարի շրջանակում դպրոցականներն այցելել են Իշխանասարի ինտենսիվ այգիներ և տեղում ծանթացել գյուղատնտեսական աշխատանքներին:
«Քանի որ մենք այցելեցինք խնձորի ինտենսիվ այգիներ, ինձ հետաքրքրեց այգեգործությունը՝ ինչպես խնամել ծառերը, ինչ հեռավորությամբ տնկել», – նշում է Շաքիի դպրոցի աշակերտ Լարիսա Գևորգյանը:
Ամառային ճամբարի ընթացքում կազմակերպվել են դասախոսություններ և քննարկումներ մեղվաբուծության, խելացի անասնապահության, ինտենսիվ այգեգործության, ագրոտուրիզմի, կաթի վերամշակման և գյուղատնտեսության ոլորտում նորարական տեխնոլոգիաների ներդրման թեմաներով:
Հաջորդիվ իրականացվել է ծրագրի շահառու համայնքների կենսաբանության ուսուցիչների վերապատրաստում ագրոէկոլոգիա, ագրոնոմիա և անասնաբուծություն թեմաներով: Հենց կենսաբանության ուսուցիչները ծրագրի առաջին վեց ամիսներին դպրոցում կվարեն «Ագրոտեխնոլոգիա» դասընթացը: