“Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական կրթական ծրագրի երկրորդ տարվա ամառային դպրոցի մասնակիցները ստացան իրենց հավաստագրերը։ Մագիստրոսական ծրագրի ընդունելության քննություններին նախապատրաստվելու համար իրականացվող ամառային դպրոցն անցկացվեց հուլիսի 1-10-ը՝ Դիլիջանում։ Դպրոցին հաջողությամբ մասնակցեց 25 ուսանող։
Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը։ Նա շնորհավորեց մասնակիցներին ամառային դպրոցի դասընթացները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, այնուհետև անդրադարձավ քվանտային ֆիզիկայի ոլորտում առաջատար մասնագետ դառնալու կարևորությանը, ծրագրի հնարավորություններին, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտությանը Հայաստանում։
Ամառային դպրոցի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ձեռք բերած գիտելիքների և ոլորտի փորձառու մասնագետների հետ հանդիպման հնարավորության համար։
Նախորդ տարի ամառային դպրոցին մասնակցել է 6 բուհից 37 ուսանող։ Այս տարի դիմորդները 29-ն էին, որոնցից 25-ը հնարավորություն ունեցան մասնակցելու դպրոցին։
“Quanta” քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագիրն իրականացվում է 2022 թվականից։ Ուսանողների ուսման վճարը փոխհատուցում է «Իմ քայլը» հիմնադրամը։
Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կզբաղվեն ռազմաարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները կներդնեն մասնավոր ընկերություններում, կիրականացնեն գիտահետազոտական աշխատանքներ և կհիմնեն ստարտափեր։
Սեպտեմբերին կմեկնարկի “Quanta” մագիստրոսական ծրագրի նոր ուսումնական տարին։ Ուսումնական ծրագրի շրջանակում դասախոսելու նպատակով կհրավիրվեն հայ և արտասահմանցի մասնագետներ աշխարհի առաջատար բուհերից և գիտական կենտրոններից։