Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Դմիտրի Ֆիրսովը «Քվանտա» մագիստրոսական ծրագրի հրավիրյալ դասախոսներից է: Պրոֆեսորն իր դասախոսությունների թեման անվանում է «Ֆիզիկա» կամ «Օպտիկական ճառագայթման փոխազդեցությունները հաղորդիչների հետ»:
«Այստեղ իմ դասախոսությունները հիմնականում համընկնում են պոլիտեխնիկական համալսարանում անցկացրած դասերին: Կարծում եմ՝ բարդ երևույթները ուսանողներին հասկանալի դարձնելու համար անհրաժեշտ է բանաձև մշակել, հենց բանաձևն է մեզ վերջնական արդյունքի հասցնում: Միևնույն ժամանակ, պետք է փորձել հնարավորինս որակյալ բացատրություններ տալ այն բարդ երևույթների վերաբերյալ, որոնք ընդգրկում է այս ոլորտը», – նշեց դասախոսը:
Հրավիրյալ դասախոսի կարծիքով՝ «Քվանտա»-ն հետաքրքիր և տարբերվող ծրագիր է, որի շրջանակում դասախոսելու որոշումը ևս մեկ անգամ նրան Հայաստան բերեց: Պրոֆեսորն արդեն 7 տարի է, ինչ պարբերաբար Հայաստան է այցելում: Գործակցել է նաև Հայ-ռուսական համալսարանի հետ, մեկանգամյա դասախոսություններ կարդացել: Այնուամենայնիվ, նշում է՝ այսպիսի մեծ ծավալի դասախոսություն Հայաստանում դեռ չէր ունեցել:
«Ուսանողներին մոտիվացնելու համար, կարծում եմ, պետք է նախ լավ դասախոսություն անցկացնել, եթե ես լավ եմ կատարում իմ աշխատանքը, ուրեմն՝ այն հետաքրքիր է լինում ուսանողների համար», – ասաց պրոֆեսորը:
Դմիտրի Ֆիրսովի հետազոտությունների հիմնական ոլորտը ոչ հավասարակշռված օպտիկական երևույթներն են՝ կապված կիսահաղորդիչների և օպտոէլեկտրոնային սարքերի ազատ կրիչների հետ, որոնք հիմնված են քվանտային կետերով, քվանտային հորերով և կիսահաղորդչային լազերներով ցածրաչափ կառուցվածքների վրա: Պրոֆեսորն ավելի քան 200 հոդվածների համահեղինակ է գրավոր գիտական ամսագրերում: