
«Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը, փոխտնօրեն Նարեկ Ադամյանը, հիմնադրամի աշխատակիցները և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն այցելել են Սյունիքի մարզ:
Սիսիան համայնքի մի շարք հանրակրթական հաստատությունների տնօրենների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է Սյունիքի մարզում «Իմ Քայլը» հիմնադրամի և Ագրարային համալսարանի նախաձեռնությամբ իրականացվելիք «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը:
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում է մասնագիտական կրթության նոր մոդել, որը, մի կողմից, հիմնված է յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունների և մասնագիտական ձգտումների, մյուս կողմից, համայնքային առանձնահատկությունների և տնտեսական հնարավորությունների վրա:
Այցի ընթացքում Անգեղակոթ գյուղում կնքվեց նաև եռակողմ համագործակցության հուշագիր «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանի միջև: Ըստ հուշագրի՝ կողմերը պայմանավորվում են համատեղել ջանքերը Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի հանրակրթական հաստատություններում «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի ներդրման շուրջ: