Սանկտ Պետերբուրգի տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի պրոֆեսոր, «Նանոֆոտոնիկա և մետանյութեր» բաժնի դոցենտ Իվան Յորշը դասախոսում է «Մետանյութեր» առարկան «Quanta» մագիստրոսական ծրագրի շրջանակում:
«Մոտ մեկ տարի առաջ լսեցի «Quanta» ծրագրի մասին: Այն բավականին հետաքրքիր թվաց ինձ և համաձայնեցի դասախոսել ծրագրի շրջանակում: Հիմա շատ ուրախ եմ, որ այստեղ եմ», – պատմեց նա:
Հրավիրյալ դասախոսը ֆիզիկայի բնագավառում դոկտորի կոչում է ստացել Անգլիայի Դարհեմի համալսարանում: Իվան Յորշը տարիներ է, ինչ ուսումնասիրում է լույսի փոխազդեցության առկայությունը փոքր նյութերում։ Նրա խոսքով՝ այս ոլորտն ակտիվորեն զարգանում է վերջին 10 տարիների ընթացքում, հատկապես մոտ 20 տարի առաջ գրաֆինը հայտնաբերելուց հետո:
«Ես հետաքրքրված եմ գտնելու նյութեր, որոնք կարող են օգտագործվել նոր օպտիկական սարքեր և օպտիկական էֆեկտներ ստեղծելու համար, նաև, լույսն օգտագործելով, հետաքրքիր է ուսումնասիրել տվյալ նյութերի ներքին էլեկտրոնային կառուցվածքները, նոր բան իմանալ և փորձել կառավարել դրանք», – ասաց պրոֆեսորը:
Իվան Յորշի խոսքով՝ դասընթացի թեմայի՝ «Մետանյութերի» հիմքում տարիներ առաջ արված տարբեր հետազոտություններն են: Խորհրդային տարիների գիտնականների գրած տեսական հոդվածն այն մասին, թե ինչպես է լույսը տարածվելու որոշ հիպոթետիկ միջավայրերում սկիզբ դրեց 2000-ականների փորձարկումներին: Սա թույլ տվեց հասկանալ լույսի տարածման վերաբերյալ բազմաթիվ հարցեր:
«Այդ նյութերը և ուսումնասիրությունները հետո կիրառվեցին այլ ոլորտներում՝ ակուստիկայի և քվանտային ֆիզիկայի մեջ: Այս դասընթացը նվիրված է ոչ թե խիստ շաղախային նյութերին, այլ ավելի տեսական մոտեցումներին, որոնք մշակվել են այս նյութերի ուսումնասիրության շրջանակներում», – նշեց դասախոսը:
Այս ամենի մասին իր ունեցած գիտելիքը ուսանողներին փոխանցելու և նրանց սովորեցնելու համար պրոֆեսորն ունի իր բանաձևը, որը երեք մակարդակից է բաղկացած:
«Սկզբում ես ուսանողներին ինչ-որ բան եմ պատմում, նրանք լսում են: Երկրորդ մակարդակում ես նրանց օգնում եմ, որ կարողանան լուծել ինչ-որ խնդիր: Ի վերջո, երրորդ մակարդակում կարևոր է, որ նրանք ինքնուրույն մտածեն և կատարեն առաջադրանքը», – ընդգծեց նա:
Իվան Յորշի կածիքով՝ վերջնարդյունքում ուսանողները պետք է հասկանան առարկան այն մակարդակում, որ կարողանան կիրառել: Ըստ պրոֆեսորի՝ սովորելու համար ոգեշնչման աղբյուրները կարող են տարբեր լինել, բայց կա մեկ բան, որը նա ամենաշատն է կարևորում դասախոսության ժամանակ.
«Ես փորձում եմ ուսանողների ուշադրությունը սևեռել այն բանի վրա, որ այս ոլորտում դեռ շատ բաց հարցեր և անհասկանալի կետեր կան, նույնիսկ, արդեն բացահայտված թեմաներում: Մարդկանց երբեմն թվում է, թե արդեն ամեն ինչ բացահայտված է և որևէ նոր բան չկա ուսումնասիրելու: Ուսանողները, որոնք ուզում են զբաղվել այս ոլորտով, պետք է իմանան, որ կան հարցեր, որոնք դեռ պատասխաններ չունեն, սա կարող է լինել նրանց ոգեշնչումը», – շեշտեց նա:
Հրավիրյալ դասախոսը «Quanta» մագիստրոսական ծրագիրը հետաքրքիր փորձարկում է համարում՝ ընդգծելով ծրագրի կուրսերը ատոմային ֆիզիկայի, ֆունդամենտալ ֆիզիկայի վերաբերյալ: Նրա գնահատմամբ՝ կարևոր է, որ ուսանողները գիտելիք են ստանում մարդկանցից, ովքեր պրոֆեսիոնալ են իրենց ոլորտում: