
Ֆիզիկայում ավելի քանի 40 տարվա փորձ ունեցող պրոֆեսոր Դմիտրի Բուդկերը «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի հրավիրյալ դասախոսներից է:
«Ես շատ գործընկերներ ունեմ Հայաստանում: Նրանք պատմեցին ինձ այս ծրագրի մասին, և ես ասացի՝ ինչո՞ւ ոչ», – պատմեց պրոֆեսորը:
Դմիտրի Բուդկերը ծնվել է Ռուսաստանի Նովոսիբիրսկ քաղաքում: Ավարտելով Նովոսիբիրսկի համալսարանը՝ սկսել է աշխատել Միջուկային ֆիզիկայի ինստիտուտում: Այնուհետև տեղափոխվել է ԱՄՆ և դոկտորի կոչում ստացել Կալիֆոռնիայի Բերկլի համալսարանում:
«Բերկլի համալսարանում ես դարձա պրոֆեսորի օգնական, դոցենտ և հետո՝ պրոֆեսոր: 2014-ին հրավիրվեցի Գերմանիա: Հիմա ես ապրում եմ Գերմանիայում, բայց կիսով չափ Բերկլիում եմ: Այսպիսով՝ երկու մասի եմ «բաժանված», բայց իմ ձգողականության կենտրոնը Գերմանիան է», – նշեց նա:
Հրավիրյալ դասախոսը Գերմանիայի Յոհաննես Գուտենբերգի անվան Մայնցի համալսարանում պրոֆեսոր է: Սա նրա չորրորդ այցն է Հայաստան: Այստեղ ուսանողական խմբի հետ աշխատանքը բազմաշերտ է. ֆիզիկայի մի ենթաոլորտից մյուսին են անցնում:
«Ուսանողները հիմնականում մոտիվացված և պատրաստված են: Սկզբում ենթադրվում էր, որ կդասավանդեի «Ժամանակակից քվանտային ֆիզիկա», բայց քանի որ ուսանողները տարբեր պատրաստվածության են, որոշում կայացվեց ուսումնասիրել ընդհանուր առմամբ ֆիզիկային առնչվող տարբեր թեմաներ», – ասաց նա:
Ֆիզիկոսի ուսումնասիրությունները ներառում են նաև ատոմային ֆիզիկան, ատոմային սպեկտրոսկոպիան, լազերային սպեկտրոսկոպիան: Նրա խոսքով՝ հիմա իր հետազոտական խումբն ուսումնասիրում է բիոֆիզիկա, փորձարարական աստղագիտություն: Այն մութ նյութեր է փնտրում, լազերային սպեկտրոսկոպիա է կատարում, նաև չափում է մագնիսական դաշտերը ատոմներով և ադամանդով:
«Մենք տարբեր հետազոտություններ ենք անում: Եվ ես փորձում եմ այստեղ իմ ուսանողներին պատմել հետաքրքիր պատմություններ տարբեր ոլորտների մասին», – ասաց պրոֆեսորը:
Դմիտրի Բուդկերը դասախոսությունն ավելի արդյունավետ դարձնելու միջոց է համարում երկխոսությունը իր և ուսանողների միջև: Ըստ նրա՝ ինչ-որ բան սովորեցնելու համար կարևոր է հարցուպատասխանի ձևաչափը:
«Ուսանողներին խորհուրդ կտամ անել այն, ինչ իսկապես ուզում են: Այդ ժամանակ մարդն իսկապես երջանիկ է: Ես առավոտյան արթնանում և ասում եմ՝ ինչ հրաշալի է: Ես անհամբեր սպասում եմ աշխատանքիս ամեն օրվան և ինձ երջանիկ եմ զգում: Դա ամենակարևորն է», – ավելացրեց դասախոսը:
Պրոֆեսորի խոսքով՝ «Quanta» ծրագիրը հաջողելու մեծ պոտենցիալ ունի ուսանողների մոտիվացիայի և ծրագրի գիտական խորհրդի ոգևորված աշխատանքի շնորհիվ: