
Մոնակոյում գործող «Երեխաներ և ապագա» հիմնադրամը 13317 եվրո է հատկացրել «Իմ Քայլը» հիմնադրամին «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի Հ․ Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոցում ջերմոց֊ջերմատուն կառուցելու համար:
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրով մշակվել ու հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվել է կրթական նոր մոդել, որը սովորողներին հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր հմտություններ և ամրապնդել մասնագիտական կարողությունները՝ դպրոցում ստացած տեսական գիտելիքները գործական աշխատանքների հետ համատեղելու միջոցով: Ջերմոցի կառուցումը սովորողներին հնարավորություն կտա գործնական դասընթացների միջոցով ծանոթանալ մշակաբույսերի մշակության կազմակերպմանը, բուսաբուծությանը և ջերմատնային տնտեսությանը:
2022-2023թթ․ իրականացվող «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու համայնքների դպրոցներից ջերմոցի կառուցման համար ընտրվել է Ամբերդ գյուղի միջնակարգ դպրոցը: Նշենք նաև, որ Ամբերդի դպրոցում գործում են մեղվապահության, չրագործության, փայտի մշակման և կար ու ձևի խմբակներ: