
Հաշվի առնելով Շիրակի մարզում իրականացված «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրի» արդյունավետությունը՝ «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը կնքել են համագործակցության նոր հուշագիր՝ ծրագրի հետագա զարգացման նպատակով։
«Առաջին պիլոտային ծրագրի ավարտից հետո որոշեցինք այն ներդնել նաև Արմավիրի և Լոռու մարզերում՝ նկատի ունենալով ծրագրի արդյունավետությունը, որը չափազանց դրական էր և գոհացնող։ Եվ մենք հույս ունենք, որ ծրագիրը բարեհաջող կերպով ավարտելուց հետո այն կներդնենք նաև ՀՀ մյուս մարզերում», – նշեց Մխիթար Հայրապետյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ ծրագրի ամենակարևոր բաղադրիչներից մեկն այն է, որ շահառուներին հնարավորություն է տրվում մրցունակ դառնալ աշխատաշուկայում։
«Այս հուշագրով պլանավորում ենք նաև համագործակցել սոցիալական ծառայության տարբեր կառույցների հետ՝ հաշվի առնելով բոլոր այն խնդիրները և հաջողությունները, որոնք գրանցվել են Շիրակի մարզում 44-օրյա պատերազմի մասնակիցների հետ աշխատելիս», – ասաց Նարեկ Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն իրականացվում է 2022 թվականից։ «Իմ քայլը» հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության ևս մեկ հուշագիր էին կնքել` ծրագրի մասնակիցների զբաղվածության ապահովման աշխատանքներն իրականացնելու համար: